Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն այսօր ասել է, որ հայ-ֆրանսիական տնտեսական կապերը զիջում են քաղաքական հարաբերություններին:Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Վիգեն Չիտեչյանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ:Դեսպանը հիշեցրել է, որ մինչեւ 90-ականների վերջը հայ-ֆրանսիական հարաբերություններում տնտեսական ուղղությունը շատ մեծ տեղ չէր զբաղեցնում:«Տնտեսական կապերն աշխուժացան՝ գագաթնակետին հասնելով 2007-2008թթ., ինչում, անշուշտ, կարեւոր խթան հանդիսացավ ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը, որի նախապատրաստական շրջանում, ինչպես նաեւ բուն ընթացքում մեր երկիրը հայտնվեց ֆրանսիական բազմաթիվ խոշոր ձեռնարկությունների ուշադրության կենտրոնում: Եվ Հայաստանում սկսեցին գործել ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունքում, արդեն 2011-2012թթ. Ֆրանսիան դարձավ Հայաստանի երկրորդ գործընկերը արտաքին ներդրումների ծավալով»,- ասել է Վիգեն Չիտեչյանը:Նախագահը իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում գործող 140-ից ավելի ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունները մեծ ավանդ ունեն Հայաստանի տնտեսական զարգացման գործում: Այս համատեքստում նա կարեւորել է Ֆրանսիայի զարգացման գործակալության՝ Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հանգամանքը:«Ընդամենը մեկ օրինակ հիշատակենք՝ Վեդիի ջրամբարի կառուցումը: Բոլորին հայտնի է, որ դեռեւս 60-70-ական թվականներից Արարատյան դաշտավայրի բնակչության մի զգալի հատվածը երազում էր այդ ջրամբարի կառուցման մասին: Այս տարվա սկզբին ստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ 3-4 տարիների ընթացքում մենք կկառուցենք ջրամբարը, որն իր դրական ազդեցությունը կունենա Արարատյան դաշտավայրի զարգացման եւ առաջին հերթին՝ գյուղատնտեսության զարգացման գործում»,- նշել է Սերժ Սարգսյանը:Նախագահի խոսքով՝ այս գործակալությունների եւ ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունների գործունեությունը կարեւորվում է ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ այն տեսակետից, որ եվրոպական բիզնես մշակույթ է ներմուծվում Հայաստան: Այնուամենայնիվ, նախագահը դեռեւս գոհացուցիչ չի համարել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրատնտեսական հարաբերությունների արդի մակարդակը:Նա հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալող ֆրանսիական կապիտալով ընկերությունների խնդիրները, առաջիկա ծրագրերը եւ հնարավորության սահմաններում օժանդակել նրանց: Tweet Դիտում՝ 3502