Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը հրապարակել է 2016թ. միլիարդատերերի 30-րդ հոբելյանական ցուցակը, որում ընդգրկվել է ազգությամբ չորս հայ:Ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որի կարողությունը Forbes-ն այս տարի գնահատել է $5,7 մլրդ, զբաղեցրել է վարկանիշի 219-րդ հորիզոնականը (2015-ին` 162-րդ տեղը` $8,3 մլրդ կարողությամբ): «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը`$3,1 մլրդ կարողությամբ, զբաղեցրել է 549-րդ տեղը, այն դեպքում, երբ 2015թ. 418-րդն էր` $4 մլրդ կարողությամբ: Ամենահարուստ մարդկանց վարկանիշում են ընդգրկվել նաեւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը` $2,2 մլրդ կարողությամբ, 810-րդ հորիզոնական (2015թ.` 1006-րդ, $1,9 մլրդ), եւ «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը` $1,4 մլրդ կարողությամբ, 1275-րդ հորիզոնական (2015թ.՝ 1190-րդ, $1,6 մլրդ): Այս տարի Forbes-ի միլիարդատերերի ցանկից բացակայում է ամերիկահայ բարերար եւ գործարար Քըրք Քըրքորյանը, որը 2015թ. hեռացավ կյանքից:Forbes-ի ամենահարուստ մարդկանց այս տարվա ցուցակը շարունակում է գլխավորել «Մայքրոսոֆթ»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվել է $75 մլրդ (մեկ տարում աղքատացել է $4,2 մլրդով): Նրան հաջորդում են իսպանացի գործարար, ZARA-ի սեփականատեր Ամանցիո Օրտեգան ($67 մլրդ) եւ ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը ($60,8 մլրդ):Ընդհանուր առմամբ, 2016թ. Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդգրկվել է 1810 միլիարդատեր` $6.48 տրիլիոն ընդհանուր կարողությամբ ($570 մլրդ-ով պակաս նախորդ տարվա համեմատ): Վարկանիշում այս տարի հայտնվել է 198 «նորեկ», ցանկից դուրս են մնացել 221-ը: Tweet Դիտում՝ 4714