ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Ավստրիան Հայաստանի համար չափազանց կարեւոր է զարգացման իր փորձով, որովհետեւ մեծ հաջողությունների է հասել զարգացման գրեթե բոլոր ոլորտներում: Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է նախագահականում՝ Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Արման Կիրակոսյանի զեկույցի քննարկման ժամանակ:«Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք Հայաստանում ավստրիական ներդրումներ ընդունելու, առավել եւս՝ արդյունաբերության ոլորտում, որովհետեւ Ավստրիայում կան բազմաթիվ հզոր ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում աշխարհի շատ երկրներում, եւ Հայաստանը, թեեւ լինելով իր չափերով փոքր, այդուհանդերձ, անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, որն այս առումով բազմաթիվ հնարավորություններ է բացում»,- ասել է նախագահը:Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին:«Կցանկանայի, որպեսզի մեր բիզնես հարաբերությունները շատ ավելի առաջ գնային, առավել եւս, որ Ավստրիան տիրապետում է եւ շատ հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտով, բնական ռեսուրսների կառավարման, այդ թվում ՝ ջրի խելացի կառավարման խնդիրներով»,- ասել է նախագահը:Արման Կիրակոսյանն էլ նշել է, որ երկու պետությունների միջեւ ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, եւ կա տարբեր ոլորտներում համագործակցության 20 պայմանագիր: «Գործարար համաժողովների մասին կուզեի ասել. ստեղծված են բոլոր պայմանները, որոնց նպաստել են ինչպես նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան այցը, այնպես էլ Ձեր այցելությունն Ավստրիա, նաեւ 2014թ. սեպտեմբերին արտգործնախարար Սեբաստիան Կուրցի այցը Հայաստան, ով էներգետիկայի ոլորտով հետաքրքրված գործարարների հատուկ խումբ բերեց Ավստրիայից: Ապրիլի 13-ին Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունենալու 4-րդ գործարար համաժողովը: Այսինքն` պայմաններ են ստեղծված, որպեսզի գործարարներն իրար հանդիպեն, ծանոթանան եւ համագործակցեն»,- ասել է դեսպանը:Արման Կիրակոսյանը կարեւորել է անցյալ տարի Ավստրիայի խորհրդարանում բարեկամական խմբի ստեղծումը, Վիեննայի «Հայաստան» կենտրոնի բացումը: Tweet Դիտում՝ 16402