ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր որոշել է 50 մլն դրամով տուգանել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությանը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար:Այս մասին ՏՄՊՊՀ նիստի ժամանակ հայտնել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության բողոքի հիման վրա հանձնաժողովը «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հանդեպ հարուցել է վարչական վարույթ:Վարույթի արդյունքում պարզվել է, որ «Կոկա-Կոլա»-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար: Մասնավորապես՝ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության բողոքում նշվել է, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառեւտրային համալիրի տարածքում գործող 11 տնտեսվարող հրաժարվում է իրացնել «Պեպսի կոլա» ըմպելիք: Հանձնաժողովը պազել է, որ բոլոր 11 տնտեսվարողների մոտ վաճառվում է «Կոկա-Կոլա», իսկ «Պեպսի կոլան»-ն բացակայում է՝ առանց տնտեսվարողների արժանահավատ հիմնավորման: Հանձնաժողովն իր ուսումնասիրություններում պարզվել է նաեւ, որ «Կոկա-Կոլա»-ն որոշակի շահավետ պայմաններ է առաջարկում տնտեսվարողներին՝ միայն իր արտադրանքն իրացնելու պայմանով, օրինակ՝ ընկերության սառնարանների՝ տնտեսվարողին անհատույց տրամադրելը: Ուսումնասիրության համաձայն՝ ընկերությունը նաեւ խիստ տարբերակված մոտեցում է ցուցաբերում զեղչային քացաքականության եւ ապրանքների դիմաց վճարումների հարցում, ինչը «Կոկա-Կոլա»-ի եւ մրցակից ընկերությունների միջեւ ստեղծում է անհավասար եւ անթույլատրելի մրցակցային պայմաններ:Ուսումնասիրությունների ավարտին հանձնաժողովը որոշել է տուգանքից բացի հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով՝ հաշվի առնելով միջազգային փորձը:«Ուսումնասիրելով «Կոկա-Կոլա» ընկերության կողմից դրսեւորվող վարքագծի միջազգային փորձն ու ԵՄ տնտեսական մրցակցության օրենսդրությունը, որն այս առնչությամբ սահմանել է հստակ կարգավորումներ, որի համաձայն՝ «Կոկա-Կոլա»-ի հետ համագործակցող տնտեսվարողներն իրավունք ունեն վերջինների տրամադրած սառնարաններում 20 տոկոսի չափով եւ սեփական հայեցողությամբ տեղ տրամադրել այլ ընկերությունների արտադրանքին»,- նշել են հանձնաժողովում՝ հավելելով, որ այս փորձի հիման վրա իրենք «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծ կներկայացնեն: Tweet Դիտում՝ 13194