Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայում Տիգրան Սարգսյանի նախագահությունը համընկել է համաշխարհային տնտեսության համար բարդ ժամանակաշրջանի հետ, եւ նման պայմաններում բարդ կլինի աճի նոր հնարավորություններ գտնել: Ինչպես հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից, նման հայտարարությամբ այսօր Աստանայում հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: «Սակայն այդ բոլոր խնդիրները որեւէ կերպ կապված չեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) աշխատանքի հետ: Մեր ինտեգրացիոն միավորման վերջնական օգտակարության հետ կապված ես որեւէ կասկած չունեմ: Առավել եւս, որ այսօր շատ երկրներ ցանկություն են հայտնում միանալ ԵՏՄ-ին եւ ազատ առեւտրի գոտի ստեղծել կազմակերպության հետ», - ընդգծել է Նուրսուլթան Նազարբաեւը: Ղազախստանի նախագահի խոսքով՝ ինտեգրացիոն միավորմանն անդամակցությունը նշանակում է ոչ միայն օգտվել ընձեռնված հնարավորություններից, այլեւ ներդրում կատարել դրա զարգացման մեջ: Տիգրան Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ ԵՏՄ ընդհանուր զարգացման ռազմավարության հետ կապված Նուրսուլթան Նազարբաեւի դիրքորոշումը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ միասնական եվրասիական տարածության հիմքում դրվել են հենց Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն ու գաղափարները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ-ի ընթացիկ զարգացման, երրորդ պետությունների հետ տնտեսական կապերի ամրապնդման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ստեղծված պայմաններում ԵՏՄ պետությունների գործողությունների ընդհանուր ռազմավարությունը համաշխարհային շուկաներում: Tweet Դիտում՝ 8657