Ինչպես երեխային սովորեցնել ճիշտ ծախսել եւ խնայել

17.02.2016 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մեդիամաքսի սյունակագիր, MSc, MA հոգեբանության մագիստրոս Վանենի Վարդանյանը իր վերջին՝ «Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ» սյունակում անդրադարձել է երեխաների մոտ ֆինանսական հմտությունների զարգացման թեմային:

Այս նպատակով Վանենի Վարդանյանը ծնողների համար կազմել է ուղեցույց, որը որոշ կրճատումներով ներկայացված է ստորեւ:

Սկսեք փոքրուց

Փոքր հասակում ձեւավորված առողջ ֆինանսական սովորություններն առաջին քայլն են հասուն տարիքում ֆինանսապես կայուն ապագա ունենալու համար: Կարիք չկա սպասելու, որ երեխան դառնա չափահաս, ավարտի դպրոցը/համալսարանը, ընդունվի աշխատանքի կամ տեղափոխվի առանձին ապրելու, որպեսզի այդ ժամանակ նոր անդրադառնաք այս հարցին: Սկսեք 2-3 տարեկանից, եւ ամեն տարի երեխայի տարիքին եւ նախասիրություններին համապատասխան ինֆորմացիա հաղորդեք նրան փողի մասին:

Դպրոցական տարիքից սկսած՝ երեխաներին տվեք գրպանի փող

Անկախ ձեր ընտանեկան բյուջեի չափից՝ յուրաքանչյուր դպրոցահասակ երեխայի համար հատկացրեք շաբաթական փոքրիկ գումար, օրինակ՝ 100 դրամ, որը նա ստանում է անկախ ամեն ինչից: Տարեցտարի մեծացրեք գումարի չափը եւ երկարացրեք գումարը տալու ժամանակահատվածը (օրինակ՝ 8 տ-ից սկսած՝ տվեք 10 օրը մեկ, 11-ից սկսած՝ 2 շաբաթը մեկ, 13-ից՝ 3 շաբաթը մեկ, 15-ից՝ ամիսը մեկ եւ այլն):

Առաջնորդվեք «խնայել-ծախսել-նվիրաբերել» (ԽԾՆ) սկզբունքով

Առաջին գրպանի փող տալուն զուգահեռ սովորեցրեք երեխաներին հասուն տարիքում ֆինանսական հաջողության հասնելու ամենամեծ գաղտնիքը՝ ԽԾՆ սկզբունքը: Միասին ընտրեք երեք դրամապանակ կամ խոզուկ-դրամարկղ եւ յուրաքանչյուրի վրա նկարեք համապատասխանաբար Խ, Ծ եւ Ն տառերը: Սովորեցրեք երեխային, որ ցանկացած եկամուտ (այս դեպքում գրպանի փողը) անհրաժեշտ է բաժանել 3 մասի (կարող եք բաժանել հավասարաչափ, կամ 50% - 25% - 25%՝ կախված իրավիճակից, նախասիրություններից եւ գումարի չափից): Սկզբնական շրջանում երեխայի հետ միասին կատարեք բաժանումը, հետագայում ժամանակ առ ժամանակ վերահսկեք, որ նա հետեւի այս սկզբունքին:

Ծախսել

Ծախսելու գումարը երեխան ազատ է՝ տնօրինելու ինչպես կամենա, եւ դա նրա առօրյա կարիքները հոգալու համար է: Թողեք երեխան ինքը ընտրի՝ ինչ եւ երբ գնել: Ծնողի միջամտությունը պետք է լինի շատ չնչին՝ ելնելով երեխայի անվտանգությունից: Շատ հաճախ ձեզ կթվա, որ երեխան իր թեկուզեւ փոքրիկ գումարը ծախսում է անիմաստ եւ ավելորդ բաների վրա կամ ծախսում է միանգամից, հետոյի համար փող չի ունենում: Միեւնույն է, մի խառնվեք, թողեք նա հանգիստ սովորի իր սխալների վրա: Դուք նրան մեծ լավություն արած կլինեք՝ հասուն տարիքում ավելի քիչ հավանականությամբ նույն սխալները կրկնի:

Խնայել

Երեխային սովորեցրեք, որ եկամտի մի մասն անհրաժեշտ է խնայել, անմիջապես չծախսել, ապագայում անհրաժեշտության, այս կամ այն բանի համար, կամ պետք է հավաքել նախօրոք պլանավորած որեւէ բան ձեռք բերելու համար: Օրինակ՝ եթե ձեր երեխան հեծանիվ է ուզում, կամ Լեգոյի ռոբոտաշինության հավաքածու, կամ ուզում է ընկերներին հրավիրել բոուլինգ խաղալու, կարող է գումարը հավաքել այդ նպատակով: Սկզբի համար խնայված գումարը ծախսեք տարին 3-4 անգամ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, որոնք սովորել են փոքր տարիքում խնայել, հասուն տարիքում նույնպես պահպանում են այս սովորությունը:

Քանի որ այն սովորականից ավելի խոշոր չափի է լինելու, սովորեցրեք երեխաներին, որ ցանկալի է խորհրդակցել մեծերի հետ: Խորհրդակցել, չի նշանակում երեխային պարտադրել ձեր կարծիքը: Արտահայտեք ձեր տեսակետը, սակայն վերջնական որոշումը թողեք երեխան կայացնի: Եթե նույնիսկ նա ափսոսա իր որոշման համար, դա շատ լավ դաս կլինի իր համար: Ձեր օրինակի վրա ցույց տվեք, որ դուք էլ խոշոր գումար ծախսելիս խորհրդակցում եք ամուսիններով կամ ձեր իսկ ծնողների հետ:

Նվիրաբերել

Գումարի 3-րդ մասն էլ նվիրաբերելու համար է՝ այն անհրաժեշտ է ծախսել այլ մարդկանց վրա: Երեխան թող ինքը ընտրի, թե ում վրա՝ ընտանիքի անդամ, ընկեր կամ անծանոթ մարդ: Կարող է նվեր գնել ընկերոջ ծննդյան օրվա համար, բարեգործության համար գումար հատկացնել եւ այլն: Երեխային փոքրուց  պետք է սովորեցնել մտածել նաեւ դիմացինների մասին:

Հետազոտությունները վկայում են, որ մարդիկ x գումար ծախսելով դիմացինի վրա ավելի երջանիկ են իրենց զգում, քան երբ այդ նույն x գումարը ծախսում են իրենց վրա: Փոքրուց երեխայի մոտ այս սովորությունը ձեւավորելով՝ դուք նպաստում եք, որ նա հետագայում լինի թե ավելի երջանիկ, եւ թե ավելի առողջ սոցիալական հարաբերություններ ունենա:

Սյունակն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրի կայքում:

Դիտում՝ 5974
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW