Հայաստանում առեւտրի օբյեկտների թիվն ավելացել է մոտ 1100-ով

03.02.2016 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. ՀՀ ներքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 2,282 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ արձանագրելով 6.4% անկում:

Այս մասին այսօր՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով 2015թ. արձանագրված արտաքին եւ ներքին առեւտրաշրջանառության ծավալներին:

Նախարարն ընդգծել է, որ այս ուղղությամբ «պետք է քայլեր արվեն եւ պետության, եւ տնտեսվարողների կողմից»:

«Մեր գործարարները, հմուտ աշխատանքի շնորհիվ, կարողացել են պահպանել գործող աշխատավարձերը, որն իր հերթին սպառողական շուկայում ապահովել է ոչ այդքան մեծ անկում»,- ասել է նախարարը:

Մյուս կողմից, նա նշել է, որ չնայած ներքին առեւտրաշրջանառության ծավալի անկմանը, անցած տարի հանրապետությունում բացվել է առեւտրի 1120 նոր օբյեկտ: Առեւտրի օբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 17 762, ինչը 6.7%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառության ծավալին, ապա այն կազմել է 4740.8 մլն դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշին զիջել է 20.06%-ով: Այս հանգամանքը նախարարը պայմանավորել է արտաքին ու ներքին մի շարք գործոններով:

Խոսելով զբոսաշրջության ոլորտում գրանցված 0.9% անկման մասին՝ Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ տուրիստական հիմնական հոսքը պակասել է Ռուսաստանից, ինչն էլ պայմանավորված է ՌԴ տնտեսական վիճակով:    

Դիտում՝ 3513

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW