Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը դարձել է Եվրոպայի Խորհրդի ֆիլմարտադրությանն աջակցող Eurimages հիմնադրամի անդամ: Հայկական կինոյի՝ եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների մասին Մեդիամաքսը զրուցել է կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հետ: Ինչպես նշել է Հովհաննես Գալստյանը, Eurimages-ը տարեկան 25 մլն եվրո բյուջե է տրամադրում անդամ երկրների կինո նախագծերին: Հայաստանը 37-րդ երկիրն է, որ անդամագրվել է հիմնադրամին: «Վերջապես մեր կինոարտադրողները եւս հնարավորություն կունենան դիմել հիմնադրամին ու ֆինանսավորում ստանալ: Մինչ այդ հիմնադրամին դիմելը բավականին բարդ էր. պիտի գտնեինք Eurimages-ի անդամ երկու երկիր ու աջակցություն ստանայինք նրանցից: Բայց այդ դեպքում էլ լիարժեք գումար չէինք կարող ստանալ: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում գեղարվեստական ֆիլմ նկարահանելու բյուջեն մոտավորապես մինչեւ 1 մլն դոլար է կազմում, կարող ենք զգալի աջակցություն ստանալ Eurimages-ից: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում այն գեղարվեստական կինոն, որն արվեստ է ներկայացնում, ֆինանսավորման հնարավորություն գրեթե չունի: Նման ֆիլմերը միայն պետական ֆինանսավորում են ստանում: Իսկ կոմերցիոն կինոն, որը վերջերս ծաղկում է Հայաստանում, նախատեսված է միայն տեղի հանդիսատեսի համար, արտասահմանյան շուկա դուրս գալու շանս չկա»,- Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել է կինոռեժիսորը: Հովհաննես Գալստյանը նշել է, որ Eurimages-ին անդամակցությունը չի նշանակում, որ միանգամից եվրոպական շուկա ենք մտնելու. «Սակայն հիմա իսկապես մեծ հնարավորություններ ունենք եւ որպես անկախ արտադրողներ պիտի լավ նախագծեր ներկայացնենք»: Հովհաննես Գալստյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ: Tweet Դիտում՝ 3022