Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կքննարկեն Ադրբեջանին $4 մլրդ արտակարգ փոխառության տրամադրման հնարավորությունը:ԱՄՀ պատվիրակությունը Բաքվում կլինի հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 4-ը՝ Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով: Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով հիմնադրամի ներկայացուցչին: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Բաքու պետք է ժամանեն նաեւ միջազգային այլ ֆինանասական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Ասիական զարգացման բանկի պատվիրակությունները: Բանակցությունները վաղ փուլում են գտնվում, եւ Ադրբեջանը դեռ կարող է որոշել չօգտվել ԱՄՀ աջակցությունից: Փորձագետների համոզմամբ՝ ռիսկ կա, որ նավթի գների անկման պատճառով նավթ արտահանող մյուս երկրները եւս աջակցության կարիք կունենան:Գազին եւ նավթին բաժին է ընկնում Ադրբեջանի արտահանման 95%-ը: 2015թ. դեկտեմբերից ի վեր, երբ Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի անցնելու մասին, մանաթն արժեզրկվեց մոտ 35%-ով: Ազգային արժույթի անկումը Ադրբեջանում հանգեցրեց մի շարք բողոքի ցույցերի՝ ուղղված նախագահ Իլհամ Ալիեւի դեմ: Անցած շաբաթ այս երկիրը առաջիններից մեկն աշխարհում նավթի գների անկման պատճառով վերահսկողություն սահմանեց կապիտալի տեղաշարժի նկատմամբ՝ 20% պարտադիր տուրք սահմանելով երկրից դուրս կատարվող դրամական փոխանցումների նկատմամբ, որոնք տարեկան գերազանցում են $50 հազ-ը:ՀԲ կանխատեսմամբ՝ այս տարի նավթի միջին գինը կկազմի $37: Tweet Դիտում՝ 8336