Երեխայի ծննդյան նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ

20.01.2016 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշման համաձայն՝  երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարն այսուհետ կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով:

Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ առաջին Եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազ. դրամ, երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում՝ 1 մլն, հինգերորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,5 մլն դրամ: Գումարները՝ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 50 հազ-ը, ինչպես նաեւ երրորդ եւ չորրորդ երեխայի ծննդյան 500 հազ. դրամը, կանխիկ է վճարվում (մնացած մասը՝ փոխանցումով):

Այսօր ընդունված որոշմամբ սահմանվել է, որ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաեւ նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 հազ. դրամը:

Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ որոշման արդյունքում շուրջ 13 500 ընտանիք իրավունք կստանա 2016թ. ընթացքում տնօրինել իր ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25 հազ. դրամի չափով:

Կարեւորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ այն նպաստում է  կոռուպցիոն ռիսկերի վերացմանը, քանի որ քաղաքացիները փորձում են տարբեր ճանապարհներով այդ գումարները ստանալ կանխիկ:

«Դրա համար ընթացակարգերը մենք հիմա պարզեցնում եւ տալիս ենք հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա այդ ընտանեկան դրամագլխից ամսական 25 հազ. դրամ կանխիկ ստանալ եւ չփորձել տարբեր ճանապարհներով, նաեւ կորցնելով այդ գումարի որոշ մասը՝ կանխիկացնել այդ գումարը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:  

Գործադիրի ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ անկանխիկ կփոխանցվեն կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը, ինչպես նաեւ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակը, պատվովճարը, ամենամսյա պարգեւավճարը, ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը եւ սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարները:

Դրանք կարող են վճարվել շահառուի` տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերի հիման վրա բանկում նրա անվամբ անվճար բացված բանկային  հաշվին փոխանցելու միջոցով:

Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ՝ ներկայում վերոնշյալ գումարները գրեթե 95%-ով վճարվում են կանխիկ եղանակով, ինչի համար պետբյուջեից վճարվում է 1% միջնորդավճար (ծառայությունների վճար):    

Դիտում՝ 3893
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW