Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է Գլոբալ ռիսկերի 2016թ. զեկույցը, որում առանձնացված են առաջիկա 10 տարիների 29 գլոբալ ռիսկերը` գնահատված ըստ հավանականության եւ ազդեցության ուժգնության:Զեկույցում ռիսկերը, ընդհանուր առմամբ, դասակարգվում են հինգ հիմնական խմբի` հասարակական, տեխնոլոգիական, տնտեսական, բնապահպանական եւ աշխարհաքաղաքական:Այսպես, ըստ ազդեցության ուժգնության՝ գլոբալ առաջին ռիսկը Կլիմայի փոփոխությունն է, ըստ իրականանալու հավանականության՝ Լայնամասշտաբ պարտադրված միգրացիոն ռիսկը: Ըստ ազդեցության ուժգնության՝ 2-րդ տեղում Զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման ռիսկն է, 3-րդը՝ Ջրային ճգնաժամի ռիսկը, 4-րդը՝ Լայնամասշտաբ պարտադրված միգրացիոն ռիսկը, 5-րդը՝ Էներգակիրների գնային կտրուկ տատանումների ռիսկը: Ըստ իրականանալու հավանականության՝ 2-րդ տեղում Խիստ եղանակային դրսեւորումների ռիսկն է, 3-րդում՝ Կլիմայի փոփոխության ռիսկը, 4-րդը՝ Միջպետական հակամարտությունների ռիսկը՝տարածաշրջանային հետեւանքներով, եւ 5-րդը՝ Բնական աղետների ռիսկը:Ուշագրավ է, որ Կլիմայի փոփոխության ռիսկը ներառված է ամենաազդեցիկ ռիսկերի ցանկում վերջին մի քանի տարիների ընթացքում, իսկ այս տարի այն ներառվել է նաեւ ամենահավանական գլոբալ ռիսկերի հնգյակում: Դրան հաջորդում են զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման եւ ջրային ճգնաժամի ռիսկերը` համաձայն ազդեցության ուժգնության չափանիշի:«Գործազրկությունը եւ էներգակիրների գների կտրուկ տատանումները բիզնեսի վարման տեսանկյունից ամենահիմնական գլոբալ ռիսկերն են: Դրանց հետեւում են տեղական կառավարման ձախողումները, ֆիսկալ ճգնաժամերի եւ կիբերհարձակումների ռիսկերը: Ընդ որում, Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի տարածաշրջանի գործարարներն առանձնացրել են ֆիսկալ ճգնաժամերի ռիսկը, գործազրկության, ինչպես նաեւ անկառավարելի գնաճի ռիսկերը: ԱՄՆ-ում գործարարներին առավել անհանգստացնող ռիսկերն են կիբերհարձակումների հետ կապված ռիսկերը, իսկ Եվրոպայում՝ ֆիսկալ ճգնաժամերի, էներգակիրների գնային կտրուկ տատանումների ռիսկերը»,- ասել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:Նրա խոսքով՝ Հայաստանում գործարարությանը սպառնացող անմիջական առավել էական ռիսկերի թվին են պատկանում ֆիսկալ ճգնաժամի, արտարժութային, հումքային ռեսուրսների գնային տատանումների, ինչպես նաեւ տարածաշրջանում ռազմական դիմակայության սրման ռիսկերը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ ժողովրդագրական եւ անվտանգային հավասարակշռության խախտման ռիսկերը։Նշենք, որ զեկույցի վերլուծությունը հիմնված է 140 երկրներից 750 անկախ փորձագետների հարցման վրա: Tweet Դիտում՝ 10473