ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

22.12.2015 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.75%:

«2015թ. նոյեմբերին արձանագրվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել եւ ամսվա վերջին կազմել 1.2%: Գնաճի նվազումը շարունակում է պայմանավորվել գյուղմթերքների գների ցածր մակարդակով եւ ներմուծված որոշ ապրանքների գների նվազմամբ»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի եւ միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաեւ առաջիկա ամիսներին՝ ներքին գների վրա փոխանցելով արտաքին գնանկումային ազդեցությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%, որին հիմնականում նպաստել է գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը:

«Չնայած 2015թ. հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը՝ ներքին պահանջարկը շարունակում է պահպանվել ցածր մակարդակում: Այս պարագայում ձեւավորված ցածր գնաճը նպաստել է գնաճային սպասումների նվազմանը, որը, թույլ ներքին պահանջարկի եւ արտաքին գնանկումային միտումների ազդեցությամբ, հետագայում եւս կպահպանի ցածր գնաճային միջավայր: ԿԲ խորհուրդը կարծում է, որ այսօր արդեն իսկ հիմնականում հաղթահարված են նախորդ տարեվերջից առաջացած գնաճային ռիսկերը, եւ դրամավարկային պայմանների` վերջին ամիսներին ու ներկայիս կտրուկ թուլացման արդյունքում վերադարձ է կատարվում մինչեւ 2014թ. նոյեմբերը առկա բնականոն իրավիճակին»,- նշել են ԿԲ-ում:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետեւ, նշված քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

«Գնաճային սպասումների խարսխման, արտաքին եւ ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ խորհուրդը հետագայում նույնպես կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 5218
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW