Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն այսօր ասել է, որ «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակում արդեն իսկ 22 ընտանիք ստացել է դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրամիության կողմից:Այս մասին Հայկ Ոսկանյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի 2015թ. արդյունքները: ««Ջերմ օջախ» ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 522 մլն դրամի 295 վարկ»,- ասել է Հայկ Ոսկանյանը՝ հավելելով, որ ծրագիրն անուղղակիորեն աջակցում է նաեւ էներգախնայող նյութեր եւ սարքավորումներ արտադրող եւ վաճառող տեղացի գործարարներին: «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի նախագահ Արա Նազինյանն էլ ներկայացրել է ծրագրի սոցիալական ազդեցությունը:«Այս ֆինանսական ծրագիրը յուրահատուկ է իր սոցիալական եւ բնապահպանական ազդեցության առումով: Ծրագրից օգտվողները, որոնք մեծամասամբ բնակվում են մարզերում, ստանում են ինչպես կարճաժամկետ ֆինանսական օգուտ, այնպես ել երկարաժամկետ շահույթ՝ գալիք տարիների ընթացում տնտեսելով զգալի միջոցներ հարմարավետ եւ վերանորոգված բնակարանի էներգետիկ ծախսերը կրճատելու արդյունքում»,- ասել է Արա Նազինյանը՝ ընդգծելով ծրագրի բնապահպանական նշանակությունը: «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակում Հայաստանում բնակվող ընտանիքները կարող են ստանալ մինչեւ 5.5 մլն դրամի երկարաժամկետ վարկեր` 11-14% տարեկան տոկոսադրույքով եւ մինչեւ երկու տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով: «Ջերմ օջախ» ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:Տեխնիկական աջակցության ֆինանսավորումը տրամադրել է Եվրոպական հարեւանության ներդրումային հաստատությունը: Tweet Դիտում՝ 4601