«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ներկայացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գնման որոշ մանրամասներ РБК Daily թերթին տված հարցազրույցում: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. - Աշնան սկզբին հայտարարվեց, որ դուք Интер РАО-ից գնում եք «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Ինչո՞ւ որոշեցիք ձեռք բերել այդ ակտիվը, չէ՞ որ այն բազմաթիվ պարտքեր ուներ: - Այո, ընկերությունը մեծ պարտքեր ուներ՝ շուրջ $220 մլն: Ակտիվը գնել ենք այդ պարտքերը մարելու համար: - Ինչպե՞ս դա հասկանանք: Դա բարեգործությու՞ն է: - Իհարկե ոչ, սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ ընկերություն է եւ երկարաժամկետ ակտիվ, իսկ մեր կառավարման ներքո այն ավելի լավը կդառնա: - Ինչո՞վ է լավ վնասաբեր ընկերությունը: - Մենք ընկերությունը ստացանք շատ ծանր վիճակում: Այն վնասաբեր էր, բայց շահութաբեր կդառնա: - Ո՞վ է ձեզ առաջարկել գնել ընկերությունը: - Առաջարկը եղել է Интер РАО-ից: - Կոնկրետ ո՞վ է առաջարկել՝ վարչության նախագահ Բորիս Կովալչո՞ւկը: - Բնականաբար, առանց պարոն Կովալչուկի նման ակտիվը չեր վաճառվի: Ակտիվը գնելու առաջարկով մեզ դիմել է Интер РАО-ի վարչության անդամներից մեկը: Վերջնական որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ դրա մասին խնդրեցին նաեւ ՀՀ իշխանությունները: - Կարծես թե ձեզ խնդրում էին գնել ընկերությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը, երբ Երեւանում հանրահավաքներ սկսվեցին՝ էլեկտրականության սակագների բարձրացման դեմ: Նրանց մոտ վա՞խ կար, որ մարդիկ կարող են դուրս գալ վերահսկողությունից: - Այո, ՀՀ իշխանություններն են խնդրել: Մի կողմից, մենք ցանկանում ենք ընկերությունում կարգուկանոն հաստատել, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ դա հանրապետության համար ռազմավարական ակտիվ է, որն ազդում է երկրում առկա ներդրումային միջավայրի վրա: Վստահ եմ՝ մենք կարող ենք այն փոփոխել: - Դա գումարայի՞ն գործարք էր: - Այո, ոչ ոք մեզ չի նվիրել այդ ակտիվը: - Որքա՞ն այն արժեցավ: - Մենք դեռ չենք բացահայտում գործարքի մանրամասները: - Դուք նշեցիք, որ ընկերությունը ձեզ անցավ $220 մլն պարտքային բեռով: Կարելի՞ է գոնե իմանալ, թե այդ պարտքի որ մասն եք արդեն մարել: - Շուրջ 20%-ը: - Դուք տեսե՞լ եք հայկական մամուլում ենթադրություններն այն մասին, որ այդ ակտիվը դուք ձեռք եք բերել քաղաքական նկատառումներից ելնելով, որպեսզի ձեր եղբայր Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ: - Արդեն 10 տարի է այդ մասին գրում են, սակայն նա դեռ չի դարձել ՀՀ վարչապետ: Ինչ վերաբերում է ИнтерРАО-ի հետ գործարքին, ապա այն ոչ մի կապ չունի նրա հետ: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերումը մենք դիտարկում ենք միաժամանակ երկու տեսանկյունից՝ որպես բիզնես եւ օգնություն հայրենիքին: - Ընկերության ո՞ր մասնաբաժինն եք դուք ձեռք բերել: - Մենք գնել ենք 100%-ը: - Интер РАО-ի հաշվետվության մեջ դեռ նշվում է, որ վաճառվել է 25%-ը: - Համաձայնագրի կառուցվածքն այնպիսին է, որ մասնաբաժինները մեզ անցնում են փուլերով: Տվյալ պահին մեզ է պատկանում ակտիվի բաժնետոմսերի 50% -ը: - Ինչպե՞ս եք մտադիր շահույթ ունենալ էլցանցերի հաշվին: - Էներգետիկան իսկապես շատ խոցելի բիզնես է, շատ բան կախված է ոչ միայն կառավարող մարմիններից, այլեւ սպառողներից: Սակայն Հայաստանում, ինչը զարմանալի է, մարդիկ վճարում են ժամանակին եւ կանոնակարգված: Այժմ բնակչության կողմից էլեկտրականության դիմաց վճարման մակարդակը կազմում է մոտավորապես 99,8%: - Եվ այնուամենայնիվ, որտեղի՞ց պետք է շահույթ ստանաք: - Մենք դեռ չենք մտածում շահույթի մասին եւ հաստատ չենք էլ մտածելու առաջիկա 5 տարիների ընթացքում: Դա երկարատեւ ակտիվ է, մշտական: Tweet Դիտում՝ 24845