Ինեկոբանկը գնել է ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետոմսերը

10.12.2015 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք կբերի «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ Պրոկրեդիտ միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը: Այս մասին համաձայնագիրը ստորագրվել է այսօր:

Գործարքի ֆինանսավորումն իրականացվում է ՎԶԵԲ-ի կապիտալ ներդրման, Ինեկոբանկի երկու խոշոր բաժնետերերի կապիտալ համալրումների, ինչպես նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված միջոցների հաշվին:

Մասնավորապես՝ ՎԶԵԲ-ն իրականացնում է 9.8 մլրդ ՀՀ դրամի կապիտալի ներդրում՝ ձեռք բերելով «Ինեկոբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 22.7%-ը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցները կազմում են $20 մլն:

«Ինեկոբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը նշել է, որ ՎԶԵԲ-ի մուտքը որպես բաժնետեր ուրախալի քայլ է, եւ նկատել, որ ՊրոԿրեդիտ Բանկի ձեռքբերումն ու կապիտալի ավելացումը բանկի դիրքն էական բարելավելու հնարավորություն կընձեռի` oգնելով բանկին մատուցվող ծառայությունների որակով զբաղեցնել 6-րդ տեղը Հայաստանում:

«Այս քայլը կօգնի նաեւ բարելավել միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին մատուցվող ծառայությունների որակը՝ հիմնվելով հաճախորդների գերազանց սպասարկման՝  Ինեկոբանկի եւ ՊրոԿրեդիտ Բանկի ավանդույթների հիման վրա»,- ասել է նա: Տարոն Գանջալյանը նկատել է, որ միավորումից հետո ՊրոԿրեդիդ Բանկի խելացի եւ բանիմաց թիմը կտեղափոխվի Ինեկոբանկ, իսկ հաճախորդների հետ ունեցած պայմանագրերը կշարունակեն գործել մինչեւ նախատեսված ժամկետի ավարտը:

«Մենք դառնալու ենք ՊրոԿրեդիտ Բանկի իրավահաջորդը՝ մեզ վրա վերցնելով բոլոր պարտավորությունները»,- ասել է նա:

ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը հույս է հայտնել, որ գործարքը կնպաստի բանկային ոլորտի կոնսոլիդացիային՝ հանդես գալով հետագա միացումների կատալիզատոր:

«Սա նաեւ ուղղակիորեն կաջակցի տնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունեցող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին»,- ասել է Մարկ Դեյվիսը:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենը նշել է, որ նման աջակցությամբ հույս ունեն հայկական տնտեսության համար ընդյալնել ֆինանսական հասանելիությունը՝ այդ կերպ նպաստելով տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու աղքատության կրճատմանը:

ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Ավթանդիլ Գոգոլին նկատել է, որ հայաստանյան 7 տարիների հաջող գործունեության արդյունքում ձեւավորել են ՓՄՁ ոլորտի առողջ պորտֆել՝ լինելով հանրապետության լավագույն բանկային անձնակազմից մեկը:

«Մեր միջազգային բաժնետերը՝ ՊրոԿրեդիտ հոլդինգը որոշել է, որ ՊրոԿրեդիտ Բանկի զարգացումն ավելի լավ կարող է ապահովել Ինեկոբանկի պես ուժեղ բանկը, որը, իր չափսերի շնորհիվ, հնարավորություն ունի առավել շահավետ պայմաններ ստեղծել հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների համար»,- ասել է նա եւ վստահություն հայտնել, որ սեփականության նոր կառուցվածքը գերազանց հեռանկարներ կստեղծի բանկի հաճախորդների համար:

Նշենք, որ գործարքը կավարտվի առաջիկա 10 օրերի ընթացքում:

Դիտում՝ 10603
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW