Դեկտեմբերի 9-ին «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում կբացվի «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31 եւ 2016թ. հունվարի 1):Նախագիծը Երեւանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ: Բանկում նշել են, որ երեւանյան ցուցահանդեսը լինելու է տարածաշրջանում առաջինը:«Երեւանում կազմակերպվող ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով: Կներկայացվեն ռոբոտներ, որոնք լիովին արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը եւ ռոբոտների ուսուցման համակարգերը: Նախագծի կարեւորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի եւ դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր մակարդակներում` մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների եւ այլ հարցերում: Այցելուները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ յուրաքանչյուր ռոբոտի հետ, նրանց հետ շփվել, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել»,- ասված է Ամերիաբանկի տարածած հաղորդագրությունում: Ցուցահանդեսում կներկայացվեն տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ եւ հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները: Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա:Ռոբոտների շարքում են անգլիական մարդանման Տեսպիան, ճապոնական Պարո, ամերիկյան Բակսթեր ռոբոտները:Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200 դրամ աշխատանքային օրերին եւ 3300 դրամ՝ ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն 2900 դրամ եւ 3900 դրամ: Կգործի նաեւ հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար: «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր գործընկերներն են «Երեւան Մոլ» համալիրը եւ «Երեւան Փրոդաքշն» ընկերությունը: «Ինգո Արմենիա»-ն հանդես է գալիս ռոբոտների ապահովագրությամբ: Tweet Դիտում՝ 32400