ՀՀ Կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացում առաջացող որոշ խնդիրների վերաբերյալ:ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է 4 խնդիր եւ նկարագրել դրանց լուծումները: 1. Հաճախորդը միեւնույն բանկում ունի ՀՀ դրամով եւ արտարժույթով թե՛ ընթացիկ եւ թե՛ ավանդային հաշիվներ: Եթե ԴԱՀԿ ծառայության կողմից տվյալ հաճախորդի նկատմամբ իրականացվի բռնագանձում, ապա այն տեղի կունենա հետեւյալ հերթականությամբ.- Ընթացիկ հաշիվներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցներ,- Ընթացիկ հաշիվներում արտարժույթով առկա դրամական միջոցներ,- Ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցներ,- Ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցներ: Առաջին հերթում նշված հաշիվներում պարտավորության չափով մնացորդ չունենալու պարագայում՝ բանկը արգելադրում է հաջորդ հերթում առկա դրամական միջոցները:Այսինքն, բանկն առաջնահերթ կարգով ստուգում եւ բռնագանձումն իրականացնում է ՀՀ դրամով ընթացիկ հաշիվներից, այլ ոչ թե հաճախորդի ավանդից կամ արտարժույթով հաշիվներից: 2. ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող բռնագանձման գործընթացում բանկը չի կարող արգելադրել քարտային հաշվի վրա առկա վարկային միջոցները (օվերդրաֆտ):Օրինակ՝ հաճախորդն ունի քարտային հաշիվ, որով ստանում է իր աշխատավարձը: Նույն քարտը հնարավորություն է ընձեռնում հաճախորդին աշխատավարձի եռապատիկի չափով ստանալ վարկ (օվերդրաֆտ): Եթե հաճախորդի նկատմամբ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվի արգելադրում կամ բռնագանձում, ապա հաճախորդի օվերդրաֆտը ենթակա չէ արգելադրման կամ բռնագանձման: 3. Հաճախորդն ունի վարկային գծի հնարավորություն (օվերդրաֆտ) եւ անբողոքարկելի վարչական ակտի հիմքով (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք) սկսվել է կատարողական վարույթ:Պարզաբանմամբ ամրագրվել է, որ եթե նման պարագայում արգելադրվում են հաճախորդի դրամական միջոցները (բացառությամբ՝ օվերդրաֆտի), ապա դա դեռեւս հիմք չէ հաճախորդի օվերդրաֆտի օգտագործման հնարավորությունը բանկի կողմից կասեցնելու կամ որեւէ կերպ սահմանափակելու համար:Օրինակ՝ հաճախորդի քարտային հաշիվը հնարավորություն է ընձեռնում աշխատավարձի եռապատիկի չափով ստանալ վարկ (օվերդրաֆտ): ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տուգանել է հաճախորդին, որի հիման վրա ԴԱՀԿ ծառայության կողմից սկսվել է բռնագանձման գործընթաց, որի ընթացքում բանկի կողմից արգելադրվել է հաճախորդի բանկային հաշիվները: Այն հանգամանքը, որ ՀՀ ՃՈ տուգանքի արդյունքում արգելադրվել է հաճախորդի հաշիվները, բավական չէ, որպեսզի բանկը հաճախորդին համարի անվճարունակ (կամ ֆինանսական վիճակի վատթարացում) եւ որեւէ կերպ սահմանափակի վարկային գծից օգտվելու հնարավորությունը: 4. Բոլոր այն դեպքերում, երբ բռնագանձումն իրականացվում է հաճախորդի ավանդային հաշվից եւ հիմքում ընկած է անբողոքարկելի դարձած վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք), ապա բանկը պետք է շարունակի հավելագրել ավանդի պայմանագրով նախատեսված տոկոսներ, այլ ոչ թե ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ: Tweet Դիտում՝ 4107