Tempo Money Transfer-ը դրամական փոխանցումներ է գործարկել դեպի Հայաստան

20.11.2015 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆրանսիական Tempo Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Unistream համակարգի հետ համատեղ գործարկել է դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծառայություն:

Ինչպես Banks.am-ին տված հարցազրույցում ասել է Tempo France SAS ֆրանսիական ընկերության տնօրենների խորհրդի անդամ եւ բաժնետեր Սուրեն Հայրիյանը, հաճախորդները կարող են փոխանցումները կատարել Ֆրանսիայում կամ Գերմանիայում գտնվող Tempo Money Transfer-ի ցանկացած գործակալային կետից կամ օպերատորի սեփական կետից Փարիզում: Փոխանցված գումարը կարելի է ստանալ Unistream-ի հայաստանյան ցանկացած կետում: Ռուսաստանյան համակարգը գործում է հայաստանյան 19 ֆինանսական ինստիտուտների 560 կետերում:

Սուրեն Հայրիյանի խոսքով՝ նախագիծը գործարկվել է, քանի որ կար եվրոպական որակ ունեցող հասանելի ծառայությունների պահանջարկ, որը պայմանավորված է Ֆրանսիայում հայկական մեծ համայնքի գոյությամբ:

«Tempo Money Transfer–ի գործունեությունը կենտրոնացած է Ֆրանսիայում ու Գերմանիայում: Այդ կապակցությամբ մենք ակնկալում ենք զգալի պահանջարկ՝ եվրոպական որակ ունեցող եւ միաժամանակ սակագների տեսակետից հասանելի ծառայությունների առումով: Ֆրանսիայից ու Գերմանիայից ուղարկվող փոխանցումների շուկան ինքնին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Եվրոպայում՝ կապված այդ երկրների «դոնորության» բարձր աստիճանի հետ: Միեւնույն ժամանակ, Ֆրանսիա-Հայաստան միջանցքն ամենամեծ ներուժ ունեցողներից է՝ հաշվի առնելով Ֆրանսիայում բնակվող եւ Հայաստանում հարազատներ ունեցող էթնիկ հայերի մեծ թիվը»,- ասել է Սուրեն Հայրիյանը:

Նա նաեւ նշել է, որ ծառայությունների բարձր որակն ու ապահովությունը հաստատված են Ֆրանսիայի բանկի (Banque de France) լիցենզիայով:

Բացի այդ, համակարգի ապրանքանիշը գրանցված է այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են OHMI-ն (The Office of Harmonization in the Internal Market) եւ WIPO-ն (World Intellectual Property Organization):

Tempo France SAS ֆրանսիական ընկերության նախագահ Ջեֆրի Ֆանյուն իր հերթին Banks.am-ին ասել է, որ Հայաստանում Unistream-ի հետ համագործակցության մեկնարկը կարող է դառնալ ավելի խոշոր նախագծի սկիզբ, որը ենթադրում է Ֆրանսիայից ու Գերմանիայից փոխանցումների իրականացում դեպի հետխորհրդային պետություններ, որտեղ ռուսաստանյան համակարգը լուրջ դիրքեր է զբաղեցնում:

«Այդ կապակցությամբ մենք համագործակցության ծավալի աճ ենք ակնկալում՝ հաշվի առնելով նախագծի կարեւորությունը երկու կողմերի համար»,- ասել է նա:

Tempo Money Transfer-ի կենտրոնական գրասենյակը Փարիզում է: Այսօր համակարգը գործում է ավելի քան 100 երկրների 200 հազ-ից ավելի կետերում: Համակարգի գործակալային ցանցի կետերի թիվը Ֆրանսիայում եւ Գերմանիայում գերազանցում է 70-ը:
   
Նշենք, որ Հայաստանում նախագծի գործարկման մասին Սուրեն Հայրիյանը պատմել էր Banks.am-ին անցած տարի:

Դիտում՝ 15689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW