ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեսակետ է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի սպասումները չի արդարացել:Ինչպես հաղորդում է 2rd.am-ը, Ռոբերտ Քոչարյանն այս մասին ասել է օրեր առաջ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով ԵՏՄ ինտեգրման խնդիրներին:«Հայտարարված նպատակն ու մղումը հետեւյալն էին. մենք մտնում ենք մի մեծ մաքսային տարածք, որը հայկական բիզնեսի եւ արտահանողների համար մեծ հնարավորություններ է բացելու: Անցել է շուրջ մեկ տարի, բայց արտահանումը չմեծացավ, հակառակը՝ փոքրացավ: Փոքրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ: Տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին իրավիճակը: Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը տարավ գործընթացը հայկական իշխանությունների սպասելիքների հակառակ ուղղությամբ: Դրան գումարվեցին պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ջանքերը ներմուծման փոխարինման ուղղությամբ եւ այլն: Այդ պատճառով էլ հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ԵՏՄ անդամակցումից չափազանց կարճ ժամանակահատված է անցել վերջնական գնահատականներ տալու համար: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններին պետք է չափազանց ակտիվ եւ ստեղծարար մոտեցում ցուցաբերեն այս իրավիճակին եւ հասկանան, որ «լավ կյանքը որեւէ մեկը հենց այնպես չի նվիրելու»: «Ոչ Մաքսային Միությունը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ Ասոցացման որեւէ համաձայնագիր: Այսինքն ուր էլ որ անդամակցես, քո կառավարումը պետք է էֆեկտիվ լինի, պետք է էֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը: Միայն այդ ժամանակ իրականում հնարավոր կլինի գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների զարգացումը՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ չի եղել Ասոցացման համաձայնագրի ստորագրման կողմնակից այն տեսքով, որով դա ենթադրվում էր: Նրա գնահատմամբ՝ դրա որոշ դրույթներն աշխարհաքաղաքական տեսանկյունից զգայուն էին ՀՀ մյուս գործընկերների համար: «Ես հասկանում էի, որ պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ: Առավել եւս այդ աշխարհաքաղաքական զգայունթյունը կբազմապատկվեր, քանի որ Հայաստանն այդ գործընթացի մեջ մտավ Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի հետ, որոնց համար գոյություն ուներ բացարձակ ակներեւ եւ հայտարարված նախընտրելի արտաքին քաղաքական ընտրություն (անդամակցություն ԵՄ-ին): Իհարկե, չարժեր այն ժամանակ այնքան խորացնել գործընթացը, որպեսզի հետո հայտնվել այլ տեղում: Փչացրե՞ց արդյոք այս ամենը Հայստանի հարաբերությունները ԵՄ հետ: Ես կարծում եմ հարաբերությունների ինչ-որ մի ծավալ մենք միեւնույնն է, ունենալու ենք: Կրճատված, ոչ լիարժեք, բայց ունենալու ենք անպայման: Սակայն մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը մեկ օրում կատարված՝ եվրոպացիների եւ հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը: Tweet Դիտում՝ 26738