Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության հատվածի ղեկավար Էնդրյու Մեյսոնը եւ ՀԲ-ի «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մարինա Պետրովիչը նոյեմբերի 3-ին այցելել են Լոռու մարզ:Նրանց ուղեկցել են ՀԲ ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Սաթիկ Նաիրյանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանը: Այցելության առաջին կանգառը «Առաքելություն Հայաստան»-ի Վանաձորում գործող համայնքային կենտրոնն էր, որտեղ տեղի է ունեցել «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շրջանակում անապահով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացված «ՀԾ-հաշվապահական ծրագրեր» ուսուցում աշխատավայրում եւ «Խոհարարություն», «Հրուշակագործություն», «Սեղանի հարդարում» մասնագիտացումներով մասնավոր ուսումնական կենտրոնում իրականացված դասընթացների ավարտական վկայականների հանձնման, ինչպես նաեւ փոքր բիզնեսի հիմնման դրամաշնորհային պայմանագրերի կնքման արարողությունը: Ծրագրի բաղադրիչ 1-ի «Խոհարարություն», «Հրուշակագործություն» եւ «Սեղանի հարդարում» մասնագիտացումներով դասընթացների ավարտական վկայականներ են շնորհվել 46 շահառուների, 12 շահառուներ ստացել են «ՀԾ-հաշվապահական ծրագրեր» ուսուցում աշխատավայրում դասընթացների ավարտական վկայականներ: Փոքր բիզնեսի ստեղծման նպատակով դրամաշնորհներ են տրվել 4 շահառուների՝ 2-ը Վանաձոր, 2-ը Ալավերդի քաղաքներից:Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «Առաքելություն Հայաստան»-ի շահառուները, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառումը մեկնարկել է Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ: Ողջույնի եւ շնորհավորական խոսքով հանդես են եկել Սոֆի Ներսիսյանը եւ Էնդրյու Մեյսոնը: «Ըստ էության «Համաշխարհային բանկը» երկու հիմնական նպատակ է հետապնդում. փորձել վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ նպաստել համընդհանուր բարեկեցության հասանելիությանը: Արդյունքում մենք հիմնականում տարբեր պետությունների վարկավորում կամ փոխառություններ ենք տրամադրում զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով: Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի մեր փորձագետները, որոնք ոչ միայն տեղական են, այլ նաեւ միջազգային, նպատակ ունեն օժանդակել համայնքներին, որպեսզի վերջիններս կարողանան իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր, ինչպես նաեւ աջակցել Հայաստանի կառավարությանը սոցիալական ուղղվածության նախագծերի իրականացման հարցում»,- ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության հատվածի ղեկավար Էնդրյու Մեյսոնը:Նա կիսվել է նաեւ տպավորություններով՝ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքի արդյունքներից հայտնելով իր գոհունակությունը:«Ի լրումն վարկային ռեսուրսների, որոնք մենք ունենք, շատ հաճախ մեզ հաջողվում է նաեւ ներգրավել դրամաշնորհային ռեսուրսներ, որոնք ուղղում ենք տարբեր սոցիալական ուղղվածության նախագծեր իրականացնող հասարակական կազմակերպություններին: Հայաստանի դեպքում մեր հաջողությունը բավականին մեծ էր այն իմաստով, որ կարողացանք ներգրավել դրամաշնորհային միջոցներ եւ տրամադրել «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը՝ իրականացնելու համար «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» եռաբաղադրիչ ծրագիրը»,- հավելել է Էնդրյու Մեյսոնը:Նրա խոսքով՝ «Առաքելություն Հայաստանի» իրականացրած այս ծրագրերի իրական ազդեցությունն ամենախոցելի խավերի վրա ակնհայտ է: «Եվս մեկ կարեւոր հանգամանք. «Առաքելություն Հայաստանը» աշխատում է սոցիալական շատ կարեւոր խմբի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ, եւ մենք այսօր տեսնում ենք, թե ինչ ահռելի գործ է իրականացվել թե´ մասնագիտական վերապատրաստման, թե՛ ուսուցման հետ կապված, թե´ ծրագրային այլ ուղղություններով: Ես կցանկանայի իմ եւ այստեղ ներկա գտնվող գործընկերներիս անունից նշել, որ ուրախ ենք այստեղ ներկա գտնվել եւ մշտապես պատրաստ ենք աջակցելու: Վաշինգտոն վերադառնալուն պես անպատճառ իմ գործընկերների հետ կկիսվեմ, թե ինչ հաջող աշխատանք է այստեղ իրականացվել»,- նկատել է նա: Միջոցառումից հետո Համաշխարհային բանկի եւ «Առաքելություն Հայաստանի» ներկայացուցիչները ծրագրի 1-ին բաղադրիչի՝ ուսուցումներ աշխատավայրում ենթաբաղադրիչի խորհրդատու Ներսես Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են նաեւ Վանաձորում գործող ԱՁ Ռուզաննա Դանիելյանի արծաթագործության արհեստանոց, այնուհետեւ՝ Սպիտակում գտնվող «Օֆմա» ՍՊԸ-ի ջերմոց: Արծաթագործության արհեստանոցում ուսուցում անցնող 7 շահառուները հյուրերին ներկայացրել են իրենց պատրաստած զարդերը, կիսվել դասընթացի ընթացքում ստացած գիտելիքներով: «Օֆմա» ՍՊԸ-ի ջերմոցում Համաշխարհային բանկի եւ «Առաքելություն Հայաստանի» ներկայացուցիչները ծանոթացել են «Ջերմատնային տնտեսության վարում» ուսուցման շրջանակում իրականացվող ջերմոցային կուլտուրաների աճեցման գործընթացին, ինչպես նաեւ ջերմոցների կառուցմանը եւ ջերմատնային տնտեսության վարմանը, շփվել ուսուցման մասնակիցների եւ իրականացնողների հետ: Այցի ավարտին Համաշխարհային բանկի «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մարինա Պետրովիչն ամփոփել է ծրագրի արդյունքները: «Հայաստան նախորդ այցերի ընթացքում եղել ենք հաշմանդամների ռեսուրս կենտրոններում, սակայն մեր կատարած աշխատանքի արդյունքները տեսնել եւ գնահատել դեռեւս չէինք կարողանում, քանի որ կամ ծրագիրը նոր էր մեկնարկել եւ անհրաժեշտ էր նախապատրաստվել միջոցառումներին, կամ ընթացքում էր: Այսօր առաջին անգամ էր, երբ մենք եկել էինք հասկանալու, թե որոնք են մեր իրականացված աշխատանքի արգասիքները»,- ասել է Մարինա Պետրովիչը: Նրա խոսքով՝ հիանալի է այն փաստը, որ ծրագրի արդյունքում ոչ միայն հաջողությամբ իրականացվում են վերապատրաստումներ, այլեւ մասնակիցները ստանում են հավաստագրեր, եւ բացի այդ, նրանց մեծ մասն արդեն ունի զբաղվածություն: «Եթե «Համաշխարհային բանկի» տեսանկյունից դիտարկենք, ապա կարող ենք ասել, որ սա հաջողված ծրագիր է, այդ թվում՝ Լոռու մարզին աջակցելու իմաստով»,- նկատել է նա: Ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության աջակցությամբ: Tweet Դիտում՝ 14690