Հայաստանում եւ Վրաստանում գործող Menu.am եւ Menu.ge ռեստորանային սննդի պատվիրման համակարգերի սեփականատեր «Մենյու Գրուփը» օրեր առաջ $720 հազ. ներդրում է ստացել: Ընկերության տնօրեն Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ներդրումային փուլի կազմակերպիչը «Գրանատուս Վենչուրս» ընկերությունն է: Վերջինից բացի, միջոցներ են ներդրել նաեւ անհատ ներդրողները: «Օրեր առաջ փոխարկելի պարտատոմսերի վերաբերյալ պայմանագրեր ստորագրեցինք: Բացի «Գրանատուս Վենչուրսից»՝ մասնակցել է եւս 3 ներդրող, որոնք ֆինանսավորման այս փուլում չեն ցանկանում բացահայտվել: Երեքն էլ արտասահմանում բնակվող հայեր են: Այս ներդրումն օգտագործվելու է Հայաստանում եւ Վրաստանում ընկերության շուկայական դիրքերի ուժեղացման նպատակով, ինչպես նաեւ նպաստելու է այլ երկրներ մուտք գործելուն, ինչպես օրինակ` Բելառուս եւ Իրան»,- նշել է Վահան Քերոբյանը: Նա հաստատել է լուրերը, որ նախկինում բանակցություններ են վարել արտասահմանյան հայտնի ընկերություններից մեկի հետ՝ «Մենյու Գրուփը» վաճառելու հարցով: Վահան Քերոբյանի խոսքով՝ բանակցությունները սակայն ընդհատվել են: «Հաշվի առնելով ընկերության ռազմավարությունը՝ ներկայում չենք դիտարկում արտասահմանյան խոշոր ընկերությունների կողմից «կլանման» որեւէ առաջարկ»,- ասել է նա: Վահան Քերոբյանը հավելել է, որ ներկայում ընկերությունը Հայաստանում եւ Վրաստանում ապահովում է համապատասխանաբար 100 եւ 50 աշխատատեղ:«Երկար ժամանակ չարչարվում էինք, որպեսզի հայ սպառողն օֆլայն առեւտրից տեղափոխվի օնլայն հարթակ: Եվ պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր պատվերների կեսից ավելին արդեն օնլայն է՝ կայքի կամ հավելվածի միջոցով»,- եզրափակել է Վահան Քերոբյանը: Tweet Դիտում՝ 12939