«Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում բուհերի եւ ձեռնարկությունների համագործակցության խնդիրների շուրջ:Օրերս ԵՊՀ-ում կազմակերպվել էր եվրոպական «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսը, որի միջոցով մանրամասն ներկայացվեց կատարված ամբողջ աշխատանքը: Կոնֆերանսի ավարտին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու եւ՛ հայաստանյան, եւ՛ եվրոպական համալսարանների ձեռնարկությունների հետ համագործակցության փորձի մասին: Քննարկումը կրում էր «Բարձրագույն կրթության եւ աշխատաշուկայի համագործակցություն. Մարտահրավերներ, առաջնայնություններ եւ ապագայի հնարավորությունները» խորագիրը: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ինչպես «HEN-GEAR» նախագծի մասնակից կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի կողմից հրավիրված գործատուները: Բանախոսները մի շարք կրթական հաստատությունների, զբաղվածության կենտրոնների եւ այլ ոլորտների ներկայացուցիչներն էին: Քննարկման նպատակն էր պարզել, թե որոնք են աշխատաշուկայում, ինչպես նաեւ կրթական ոլորտում առաջնային համարվող խնդիրներն ու բացթողումները: Այդ իսկ պատճառով կոնֆերանսին հրավիրված մասնակիցները, փորձեցին համակողմանի ներկայացնել ու վերլուծել խնդիրները, առկա վիճակն ու առաջադրվող մեխանիզմները: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ նման ձեւաչափով հանդիպում-քննարկումները նպատակային են, կարող են տալ լավ արդյունք ու համագործակցություն: Պրոռեկտորի փոխանցմամբ, Մայր բուհում հետեւողականորեն քայլեր են ձեռնարկվում ձեռնարկությունների հետ արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու համար: Դեռ ավելին՝ այն ներառված է նաեւ ԵՊՀ ռազմավարական պլանում: ՀՀ ԱՍՀՆ մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը ողջունեց քննարկմանը ներկա մասնակիցներին եւ ներկայացրեց «Մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրները Հայաստանում» վերտառությամբ զեկուցումը: Բանախոսը կարծում է, որ այսօր Հայաստանում լուրջ եւ որոշ դեպքերում կարծրատիպային խնդիր է մասնագիտության ընտրություն կատարելը: Հայկուհի Գեւորգյանը մատնանշեց նաեւ խնդիրներ, որոնք վերաբերում էին գործազրկությանն ու մասնագիտական կողմնորոշման կենտրոններին: Ըստ մասնագետի, թեեւ առկա են զբաղվածության տարածքային կենտրոններ, այնուամենայնիվ, դրանք չունեն ամբողջական անհրաժեշտ մեթոդական հիմք: Հետեւաբար, նման մոտեցումը ծնում է անվստահություն: Մեկ այլ կետով էլ Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրենը մանրամասն խոսեց մասնագիտական կողմնորոշման նոր համակարգի ներդրման ու քաղաքականության մասին: ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ խոսեց կենտրոնի գործունեության ու մի շարք ձեռնարկությունների հետ փոխշահավետ համագործակցությունների մասին. «ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում ստեղծվել են ձեռնարկությունների հետ համագործակցության խորհուրդներ: Ինչպես ֆակուլտետների, այնպես էլ մեր կենտրոնի նպատակն է ուսանողին դարձնել ավելի մրցունակ: Հենց դրան են միտված կազմակերպվող թրեյնինգներն ու դասընթացները, որոնք պարբերական բնույթ ունեն: Մենք կարեւոր ենք համարում նաեւ համաբուհական աշխատաշուկա անցկացնելու գաղափարը: Նման փորձ մենք իրականացրինք անցյալ տարի, ինչը բարի ավանդույթի է վերածվելու»: Հանդիպման ավարտին անցկացվեց քննարկում: Բանախոսները պատասխանեցին ներկաներին հուզող ու հետաքրքրող մի շարք հարցերի: Կարեւորվեց նաեւ ուսանողների` կամավորական աշխատանքներ իրականացնելու գաղափարը: Մասնագետների կարծիքով էլ՝ նման մատեցումն է, որ հետագայում նրանց հնարավորություն է ընձեռում ունենալու մասնագիտական փորձ, ինչն էլ կարող է խթան հանդիսանալ հետագայում հաջողություններ արձանագրելիս:Սերգեյ Ղազարյան Tweet Դիտում՝ 3041