Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն ասել է, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ երկխոսության հաստատումը լրացուցիչ խթան կհաղորդի տնտեսական զարգացմանը: Այս մասին Կարինե Մինասյանը հայտարարել է նոյեմբերի 2-ին Բեռլինում՝ «Երեւելյան Եվրոպայում տնտեսության օր» բիզնես ֆորումի լիագումար նիստի եւ «Եվրասիական տնտեսական միություն» նստաշրջանի ընթացքում: Նախարարի խոսքով՝ ԵՏՄ-ում կուտակված օտարերկրյա ուղիղ ներդրումների 70%-ն իրականացրել են ԵՄ երկրները, իսկ ԵՏՄ ներդրումների չափը ԵՄ-ում կազմում է 65%: «ԵՄ-ին բաժին է ընկնում ԵՏՄ ամբողջ շրջանառության շուրջ 50%-ը»,- ասել է Կարինե Մինասյանը: Նա ցավով նշել է, որ վերջին շրջանում արձանագրվել է երկկողմ առեւտրի ծավալների նվազում:«Հիմա, ինչպես երբեւէ, մեր միությունները տնտեսական զարգացման լրացուցիչ խթանների կարիք ունեն: Մենք առաջարկել ենք բոլորին հասկանալի ձեւակերպում՝ «ինտեգրացիաների ինտեգրացիա»: Պատրաստվել եւ Բրյուսել է ուղարկվել փաստաթուղթ, որով առաջարկվում է բարձր մակարդակի փորձագետային երկխոսություն սկսել՝ մշակելու ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ փոխգործակցության գործող մեխանիզմների մշակման համար: Ակնհայտ է, որ մերձեցման համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները»,- ասել է Կարինե Մինասյանը: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ հիմնական նպատակը չորս ազատությունների ապահովումն է՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժն առանց սահմանափակումների՝ գումարած ԵՏՄ անդամ տնտեսությունների արդիականացումը պետական մարմինների կողմից համակարգված քաղաքականության միջոցով: «Միությունը սկսել է գործել ոչ այնքան բարենպաստ իրադրությունում: Սակայն, չնայած ժամանակավոր դժվարություններին՝ բոլորը հասկանում են, որ հենց ինտեգրման խորացումը կարող է մեղմել արտաքին շոկերի ազդեցությունը»,- ընդգծել է Կարինե Մինասյանը: Tweet Դիտում՝ 13648