Հայաստանում ներդրվել է մարդկային կապիտալի գնահատման եւ շրջանավարտների զբաղվածությանն ուղղված «HEN-GEAR» ծրագիրը, որի նպատակն է պահպանել բարձրագույն կրթության բարեփոխումների եւ արդիականացման գործընթացը:Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսը: Ինչպես Մայր բուհում, այնպես էլ «HEN-GEAR» նախագծին մասնակցող հայաստանյան եւս 7 բուհերում վերջին երեք տարիների ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ, փորձագիտական հանդիպումներ ու քննարկումներ: Ստեղծվել է պորտալ, որի միջոցով շրջանավարտները կարողանում են գրանցվել, պատասխանել մի շարք հարցերի` այդ կերպ իրենց տվյալներն ու մասնագիտական հնարավորություններն ամրագրելով տվյալների շտեմարանում: Համակարգի կարեւորագույն առանձնահատկությունն այն է, որ շրջանավարտների տվյալների շտեմարանում համապատասխան որոնումներ կարող են կատարել գրանցված գործատուները եւ նրանց պահանջներին բավարարած շրջանավարտներին աշխատանքի առաջարկություն ներկայացնել: ԵՊՀ-ում կազմակերպված ամփոփիչ կոնֆերանսի ընթացքում մանրամասն ներկայացվեց կատարված ամբողջ աշխատանքը:Չնայած զբաղվածության քաղաքականությունն արդեն իսկ ներառվել է համընդհանուր քաղաքականության շրջանակների մեջ, այնուամենայնիվ երիտասարդների գործազրկությունը շարունակում է լուրջ խնդիր լինել: Բացի այդ, ընթացիկ տեղեկատվական բազաները թույլ չեն տալիս համակարգային մշտադիտարկում իրականցնել վերապատրաստման համակարգի եւ աշխատաշուկայի նկատմամբ, ձեւավորել դրանց միջեւ կապը, կանխատեսել աշխատաշուկայի պահանջարկը հմտությունների եւ վերապատրաստման կարիքների նկատմամբ: Ուստի ծրագիրը կաջակցի հայաստանյան բուհերին բացահայտելու այն գործիքներն ու մեթոդաբանությունները, որոնք կօգնեն բարելավել կրթական համակարգի արդյունավետությունը: Այն կիրականացվի տեղական մակարդակում հայաստանյան շրջանավարտների տեղեկատվական բազայի ստեղծման միջոցով, որը, հիմք ընդունելով իտալական «AlmaLaure» մոդելը, հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ համալսարաններին եւ կառավարությանն ապահովել արդյունավետ գործիքով, որը թույլ կտա մշտադիտարկում իրականացնել հասարակության համար բարձրագույն կրթության երկարատեւ ազդեցության նկատմամբ եւ համապատասխանաբար բարելավել կրթական առաջարկը եւ աջակցել կրթական համակարգի ու գործարար հատվածի միջեւ կապերի ստեղծմանը եւ աշխատանքի տեղավորման համակարգի ձեւավորմանը:Համակարգը թույլ կտա ձեռնարկություններին աշխատանքի ընդունման համար որոնել եւ գտնել այն շրջանավարտներին, որոնք բավարարում են հմտությունների եւ գիտելիքների անհրաժեշտ մակարդակը, միեւնույն ժամանակ հնարավորություն է տալիս շրջանավարտներին ունենալ համապարփակ եւ ժողովրդավարական մուտք դեպի աշխատաշուկա: Ամփոփիչ կոնֆերանսին ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, Ալմալաուրեա կոնսորցիումի տնօրենության ներկայացուցիչ, տեխնիկական տնօրեն Անջելո Գուերիերոն, ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ծրագրում ընդգրկված բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ եւ այլն:Բոլոր զեկուցողներն էլ միաբերան փաստեցին, որ իտալական այս փայլուն գաղափարն օր առաջ հասնելու է իր վերջնական արդյունքին՝ օգտակար լինելով այն շրջանավարտներին, ովքեր չունեն աշխատանք, բայց ունեն մեծ ներուժ: Մասնակից բուհերի ռեկտորները համոզված են, որ կարող են հետագայում իրենց կրթական ծրագրերն այնպես կազմել, որ բուհն ավարտելուց հետո աշխատանք գտնելու հարցում նոր խնդիրներ առաջ չգան, եւ ուսանողներն այլեւս չմեղադրեն կրթական հաստատություններին:Ալմալաուրեա կոնսորցիումի տնօրենության ներկայացուցիչ, տեխնիկական տնօրեն Անջելո Գուերիերոն նշեց, որ իտալական փորձը Հայաստանին փոխանցելով` համագործակցության լայն դաշտ է ստեղծում ինչպես հայաստանյան բուհերի, այնպես էլ միջազգային կրթական կառույցների համար. «Իտալական ավելի քան 70 համալսարանների մասնագիտական փորձը Հայաստանում նոր ծրագրերի սկիզբ կարող է դնել: Այս երեք տարիների ընթացքում մենք ծրագրում կառուցվածքային փոփոխություններ ենք առաջարկել, ամրապնդել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ հարաբերությունները: Կան որոշ բացեր, բայց դրանք մենք նախատեսում ենք ավարտին հասցնել 2016 թ-ին»:«Այս հարթակը հնարավորություն է տալիս մեզ հաշվի առնելու գործատուների, ինչպես նաեւ շրջանավարտների կարծիքը, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ համալսարաններն իրենց գործունեության մեջ պետք է հաշվի առնեն իրենց շրջանավարտներից ստացած հետադարձ կարծիքները: Գործատուներն օգտագործում են այս հարթակը լավ կադրեր գտնելու համար, նոր համալսարաններ էլ են միանում համակարգին. դա էլ նշանակում է, որ հարթակը դառնում է համապետական մի մեծ նախաձեռնություն»,- ասաց «HEN-GEAR» նախագծի համակարգող Լուիզա Մենգորն ու հավելեց, որ իրենք բոլոր գործընկերների հետ երկար ժամանակ բանակցությունների մեջ են եղել` քննարկելով բոլոր քայլերի կենսունակությունը՝ շարունակականությունն ապահովելու համար:Լաս Պալմաս համալսարանի պորռեկտոր Ֆրանցիսկո Բարբան բարձր է գնահատում հայկական համալսարանների կողմից իրականացված աշխատանքները եւ ընդգծում, որ բարի նախանձով է հետեւել Հայաստանում ծավալվով իրադարձություններին, քանի որ սկզբնական փուլում իսպանական փորձն արդքան հաջողություներ չի ունեցել: «Հարկ է նշել նաեւ, երկրի ծայրամասում եւ մարզերում բնակվող ուսանողներն ավելի շատ բարդություններ են ունենում պրակտիկա անցնելու հարցում, քան մեծ քաղաքների ուսանողները, իսկ այս հարթակը շատ բան է փոխում, քանի որ բոլորի համար նույն հնարավորություն է ստեղծում: Ուստի ես այս գործընթացն անվանում եմ ժողովրդավարականություն գործնական ուսուցման ոլորտում»,- ասում է Լաս Պալմաս համալսարանի պորռեկտոր Ֆրանցիսկո Բարբան:«Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի եզրափակիչ կոնֆերանսի բուն զեկուցումները ներկայացվեցին կլոր սեղան-քննարկման ընթացքում: Ե՛վ իտալացի, եւ՛ հայաստանյան կրթական ոլորտի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին ծրագրի նպատակայնությունն ու անցկացրին բաց քննարկում:Սերգեյ Ղազարյան Tweet Դիտում՝ 3722