Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայաստանում ամբողջովին բնական կոսմետիկա արտադրող առաջին ընկերության՝ «Նաիրիան»-ի շնորհանդեսը:«Մեր աշխատանքում ձեր գեղեցկությունը մեր մտքում է, իսկ առողջությունը՝ մեր սրտում» կարգախոսով հայկական ապրանքանիշի հիմնադիրները երեւանցի ամուսիններ Արա եւ Անահիտ Մարկոսյաններն են, որոնք շուրջ 20 տարի ապրել են Միացյալ Նահանգներում, սակայն երկու տարի առաջ վերադարձել են Սիլիկոնյան հովտից, որպեսզի կյանքի կոչեն իրենց նպատակը։ Մասնագիտությամբ ծրագրավորող Արան եւ ֆիզիկոս Անահիտն այսօր արդեն իրականություն են դարձրել Հայաստանի լեռնահովիտների բուժիչ բույսերից բարձրորակ արտադրանք ստանալու բիզնես-պլանը։«Նաիրիան»-ի կոսմետիկայի առաջին տեսականիում առկա է 25 անուն ապրանք:Ինչպես պատմել է համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արա Մարկոսյանը, «Նաիրիան»-ի ստեղծումը տեւել է գրեթե չորս տարի. ընկերությունը կառուցել են զրոյից:«Բաղադրաբույսերից մինչեւ փաթեթավորում՝ ընկերությունը վերահսկում է արտադրության գործընթացը` պատրաստելով իր հիմնական բաղադրիչները։ Եթերային յուղ ստանալու համար հարկավոր են հսկայական ծավալներ։ Մեկ տոննա կանաչ բույսից ստացվում է ամենաշատը մեկ լիտր եթերային յուղ։ Արդեն հասկանալի է, որ ինքնարժեքը թանկ է, ուստի արտադրանքի գինը շատ մատչելի չէ. գները փորձել ենք շուկայական գներին մոտ ընտրել»,- ասել է Արա Մարկոսյանը:Բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն իր լաբորատորիան ու արտադրամասը հիմնել է Կոտայքի մարզի Արագյուղում: Այն նպաստում է տեղական էկո-համակարգի բարելավմանը, ինչպես նաեւ օգնում Արագյուղի բնակիչներին ներգրավվել բիզնեսի աշխատանքներին: Այս պահին ստեղծված է շուրջ 30 աշխատատեղ:Հիմնադիրները նպատակ ունեն արտադրանքը հետագայում արտահանել եվրոպական երկրներ: Tweet Դիտում՝ 43322