Երեւանում քննարկել են ԵՄ-ի հետ տնտեսական կապերի խորացումը

16.10.2015 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում մեկնարկել է ՀՀ-Եվրոպական Միություն առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 14-րդ նիստը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ նիստի ընթացքում եվրոպական կողմին են փոխանցելու շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու համար ներկայացված հարցադրումների պատասխանների փաթեթը, ինչին, ըստ ընթացակարգի, պետք է հաջորդի ԵՄ-ի կողմից շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման քննարկումը:

«Եթե երկիրն ունի շուկայական տնտեսության կարգավիճակ, ապա շուկայի պաշտպանական միջոց կիրառելու ուսումնասիրությունն իրականացվում է շատ ավելի թեթեւացված պայմաններով: Գործընթացը սկսել ենք դեռ բավական ժամանակ առաջ, ծավալուն գործընթաց է եւ տարիներ է տեւում»,- նշել է Գարեգին Մելքոնյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 12-ին ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրված մանդատին՝ նա տեղեկացրել է, որ նոր համաձայնագրում կընդգրկվեն բոլոր այն ոլորտները, որոնցում հնարավոր կլինի ծավալել սերտ համագործակցություն:

«Կարծում եմ, որ 28 ոլորտները, որոնց շուրջ նախկինում արդեն բանակցել ենք, հնարավոր է ներառել նոր համաձայնագրում»,- ասել է նա:

Գարեգին Մելքոնյանը նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերի 19-20-ին նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել:

«Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել առնվազն երկու կարեւոր փաստաթուղթ: Դրանցից մեկը COSME համագործակցության գործիքին Հայաստանի մասնակցության փաստաթուղթն է, իսկ մյուսը ՓՄՁ-ների ոլորտում աջակցությանն ուղղված ծրագիր է»,- տեղեկացրել է Գարեգին Մելքոնյանը:  

Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ՀՀ-ում եւ ԵՄ-ում մակրոտնտեսական վերջին զարգացումները, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ Հայաստանի համագործակցությունը, ներկա զարգացումները երկկողմ առեւտրում, ներառյալ՝ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգը (GSP+), ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք «Շուկայական տնտեսության կարգավիճակին (MES)» եւ ԵՄ աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ ենթակոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում 2000թ. հուլիսի 18-ին:

Դիտում՝ 2511
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW