Երեւան, 17 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.UNIStream դրամական փոխանցումների համակարգի միջոցով այժմ Ռուսաստանից Հայաստան փոխանցումները կարելի է կատարել հայկական դրամով:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում մամլո ասուլիսում ժամանակ հայտարարել է մոսկովյան “Յունիաստրում” բանկի նախագահ, “Յունիբանկի” Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Նրա խոսքերով, փոխանցման ժամանակ կոմիսիոն վճար չի գանձվելու: “Մեր բանկը պլանավորում է շահույթ ստանալ ոչ թե փոխանցումներից ստացած կոմիսիոն վճարների հաշվին, այլ տարադրամի եւ ռուբլիի հայկական դրամի փոխարկման շնորհիվ”,- հայտարարել է Գագիկ Զաքարյանը: Նա նաեւ նշել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար այդ նոր համակարգի գործարկումը կհեշտացնի փոխանցման գործընթացը բնակչության համար, նաեւ թույլ կտա ստացողներին նախօրոք իմանալ, թե որքա՞ն է լինելու իրենց գումարը: Գագիկ Զաքարյանը հայտնել է, որ “Յունիաստրումը” պլանավորում է ազգային դրամով դրամական փոխանցումներ կատարել նաեւ Ղրղզստան, Ղազախստան եւ Ուկրաինա: Ընդ որում, այդ երկրներ փոխանցված գումարներից կգանձվեն կոմիսիոն վճարներ, քանի որ նշված երկրներում փոխանցումները կատարվելու են դեպի գործընկեր բանկեր, այլ ոչ թե “Յունիբանկի” մասնաճյուղեր: Իր հերթին “Յունիբանկի” վարչության նախագահ Վարդան Աթայանը հայտնել է, որ չնայած նրան, որ համակարգը վերջերս է սկսել գործարկվել, նրա միջոցով արդեն 6.5 մլն դրամի ($17 500) գումար է փոխանցվել: Համաձայն կանխատեսումների, UNIStream համակարգի միջոցով տարեկան Հայաստան կփոխանցվի $400-420 մլն, միայն այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպասվում է $100-120 մլն-ի փոխանցումներ: Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ազգային դրամով դրամական փոխանցումներ կատարելու համակարգի գործարկումը թույլ կտա կրճատել բնակիչների կորուստը փոխանցումների ժամանակ եւ կնվազեցնի դոլարիզացման մակարդակը Հայաստանի տնտեսությունում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8927