Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալել է մաքուր էներգիայի զարգացման ոլորտի գիտնականների եւ քաղաքականության փորձագետների պատվիրակությանը:Դեսպանությունում նշել են, որ պատվիրակությունը Հայաստանում էր եռօրյա ճանաչողական այցով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Գլոբալ գործընկերության գրասենյակի նախաձեռնությամբ: Պատվիրակությունը քննարկումներ է ունեցել Հայաստանում վերականգնվող էներգիայի եւ էներգետիկ արդյունավետության ոլորտների շուրջ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը հույս է հայտնել, որ հանդիպելով Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգետիկ արդյունավետության ոլորտների անհատների եւ կազմակերպությունների հետ` խումբն ավելի լավ կընկալի Հայաստանի կանաչ էներգիայի ոլորտի հաջողությունները, մարտահրավերներն ու կարիքները: Տասնմեկ անձից բաղկացած պատվիրակությունը, որի անդամ է նաեւ Պետդեպարտամենտի Գլոբալ գործընկերության գրասենյակի Հատուկ ներկայացուցիչ Դրյու Օ’Բրայենը, Հայաստանում ուսումնասիրել են վերականգնվող էներգիայի ոլորտում երկրի առկա խոչընդոտները: Նրանք տեղեկատվական խորհրդակցություններ են ունեցել ոլորտի կազմակերպությունների հետ, ինչպիսին են Հայաստանի վերականգնվող ռեսուրսների եւ էներգետիկ արդյունավետության հիմնադրամը եւ Էներգիայի խնայողության ալյանսը: Բացի այդ, նրանք քննարկումներ են ունեցել ճարտարագիտության ոլորտի փորձագետների հետ, որոնք աշխատել են ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր ջուր եւ էներգիա» ծրագրում: «Կարեւոր է օգնել հայաստանցիներին հաստատուն հանձնառություն ձեւավորել մաքուր էներգիայի եւ էներգետիկ արդյունավետության նկատմամբ: Այդպիսի հանձնառությունը Հայաստանին կօգնի նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել, որոնք կսատարեն շրջակա միջավայրի պաշտպանության գլոբալ ջանքերին»,- ասել է Քլարկ Փրայսը: Tweet Դիտում՝ 12153