Օգոստոսի 26-ին Երեւանում տեղի է ունեցել Հայ եւ թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպումը:Ինչպես հաղորդում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:Տուրօպերատորների ցանցը ձեւավորվել է ԱՄՆ ՄԶԳ «Կամուրջներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տուրիզմի միջոցով ստեղծել միջսահմանային տնտեսական ակտիվություն: Ցանցին անդամակցում են տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կազմակերպություններն ու տուրօպերատորները:«Հայ եւ թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, - ասել է դեսպանը: -Համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի եւ Թուրքիայի համայնքներում բիզնեսը եւ բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:Հայ եւ թուրք տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: Թուրք տուրօպերատորները տուրիզմի կայացած ոլորտ են ներկայացնում եւ ձգտում են ավելի բազմազան դարձնել դեպի Թուրքիա առաջարկվող ավանդական տուրիստական փաթեթները: Հայ տուրօպերատորները փորձում են ընդլայնել եղած հնարավորությունները՝ առաջարկելով շրջագայություններ մեկից ավելի երկրներ:Տուրօպերատորների ցանցը հեշտացնում է միջսահմանային ճամփորդությունների շուրջ համագործակցությունը: Չնայած տուրօպերատորների ցանցը գործում է սոցցանցի միջոցով, պարբերական դեմ առ դեմ հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների տուրօպերատորներին կիսել մտահոգությունները եւ համաձայնեցնել միասնական ճամփորդական առաջարկները:«Տուրիզմը կարեւոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջեւ համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը եւ օգուտներ ապահովում բոլորի համար, - ասել է Ռիչարդ Միլսը: -Միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրությունները, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ»: ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տուրիզմի ոլորտի հետ սկսել է աշխատել 2000-ից: Սկզբնական շրջանում աշխատանքներ են տարվել ծառայությունների մատուցումը բարելավելու եւ տուրիստական ոլորտում ներուժ ձեւավորելու ուղղությամբ: Tweet Դիտում՝ 15568