ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է «Միջազգային փոստային եւ սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգի ներդրումը: ՀՀ ֆինանսների նախարարությունում նշել են, որ ավտոմատացված համակարգը հնարավորություն է ընձեռում առանց քաղաքացիների մասնակցության, էլեկտրոնային եղանակով իրականացնել առաքանու տվյալների մուտքագրում համակարգ, որը հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում ավտոմատ հաշվարկում է դրանք: Նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մասնագիտացված մաքսատանը, ինչի արդյունքում հարկերի վճարման անհրաժեշտություն առաջանալու դեպքում քաղաքացին հաճախ մարզերից ստիպված էր լինում գալ Երեւան` մաքսային ձեւակերպումներ իրականացնելու: «Նման ընթացակարգն առաքանու հասցեատիրոջ համար ժամանակատար էր, լրացուցիչ բարդություններ եւ ծախսեր էր առաջացնում՝ խոչընդոտելով նաեւ էլեկտրոնային առեւտրի զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում: «Հայփոստ»-ի հետ համատեղ իրականացվել է փոստային առաքանիների տրամադրման ու հաշվառման բիզնես գործընթացների վերլուծություն եւ ստանդարտացում՝ ապահովելով մասնակից կողմերի գործառնությունների դյուրինացում եւ պարզեցում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ մինչեւ 200 հազ. դրամ արժեքով առաքանու դեպքում մաքսային որեւէ վճար չի կատարվում, իսկ այդ շեմը գերազանցելու դեպքում մաքսավճարների հաշվարկման հիմք է ընդունվում առաքանու արժեքը:«Այս բարեփոխման գլխավոր առավելությունն այն է, որ քաղաքացին որեւէ առնչություն չի ունենում մաքսային մարմինների հետ»,- նշել է փոխնախարարը: Ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանն էլ նշել է, որ այսուհետ քաղաքացին կարող է փոստային առաքանին ստանալ իրեն ամենամոտ փոստային մասնաճյուղից, իսկ սուրհանդակային առաքանիները՝ տանը՝ ապահովելով «դռնից-դուռ» առաքումների սկզբունքը: «Մաքսային հսկողության իրականացման տեսանկյունից համակարգը հնարավորություն է ընձեռում կիրառել կառավարման եւ հսկողության ժամանակակից մեխանիզմներ. ավտոմատացված եղանակով վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում, հաշվետվությունների ավտոմատ ստացում, ռիսկերի գնահատում, վերլուծական գործիքների կիրառում»,- նշել է Գեւորգ Սաղոյանը:«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը, իր հերթին, ասել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ «ՀայՓոստ»-ի միջեւ համագործակցության արդյունքում տեղի են ունեցել ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ, որոնց շնորհիվ Հայաստանի բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից:«Մեր նպատակն է բարելավել եւ ընդլայնել ծառայությունները հաճախորդի կարիքները բավարարելու, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի միջեւ նոր կամուրջ ստեղծելու նպատակով»,- նշել է Խուան Պաբլո Գեչիչյանը: Tweet Դիտում՝ 6008