Տաթեւ այցելող եւ «ՏաԹեւեր» ճոպանուղու ծառայություններից օգտվել ցանկացող զբոսաշրջիկներն արդեն կարող են ճոպանուղու տոմսերը նախապես գնել օնլայն եղանակով՝ այցելելով ճոպանուղու պաշտոնական կայք: «Սա հայաստանյան զբոսաշրջային ուղղություն ներկայացնող առաջին կայքն է, որը տոմսերի օնլայն վաճառքի հնարավորություն է առաջարկում: Այս մեխանիզմը հաջողությամբ կիրառվում է արտերկրում եւ, հատկապես, զարգացած զբոսաշրջային կենտրոններում: Մեր նպատակն է օգտագործել միջազգային լավագույն փորձը եւ ավելի մատչելի ծառայություններ մատուցել ճոպանուղի այցելող զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս արդյունավետ պլանավորել իրենց ժամանակը եւ վայելել Տաթեւը»,- ասել է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:Օնլայն եղանակով տոմսերի գնման համակարգի ներդրումը «ՏաԹեւեր» ճոպանուղում շարունակաբար իրականացվող՝ զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքների մի մասն է: Գարնանը ճոպանուղում ներդրվել էր աշխարհում լավագույններից մեկը համարվող՝ SKIDATA ընկերության տոմսերի վաճառքի միջազգային համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռում այցելուներին միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ ծառայություններ մատուցել:«Տոմսերի գնման օնլայն համակարգը ինտեգրված է SKIDATA-ի համակարգի հետ, եւ երբ այցելուն ցանկանում է կայքի միջոցով գնել տոմսը, նրան առաջարկվում է ընտրել իրեն հարմար օրը եւ ժամը, այնուհետեւ այդ միջակայքում ընտրել ազատ չվերթը: Վճարումն իրականացվում է բանկային քարտի միջոցով, անվտանգությունը երաշխավորվում է բանկային համակարգում կիրառվող ծրագրային ապահովման համակարգով: Այսպիսով, տոմսը հնարավոր է ձեռք բերել արագ, առանց հերթ կանգնելու: Սա իսկապես նորույթ է հայաստանյան շուկայում»,- նշել է կայքի պատրաստման և տոմսերի գնման օնլայն համակարգի ներդրման աշխատանքներն իրականացրած BigBek ընկերության ղեկավար Գարիկ Գյուլասարյանը:Արդիականացվել է նաեւ «ՏաԹեւեր» ճոպանուղու պաշտոնական կայքը: Այցելուն ոչ միայն կարող է տոմս գնել, այլեւ տեղեկանալ զբոսաշրջային այս տարածաշրջանում մատուցվող տարբեր ծառայությունների, կազմակերպվող միջոցառումների, գործող հյուրանոցների ու հյուրատների վերաբերյալ, գտնել այն ամբողջ տեղեկատվությունը, ինչ անհրաժեշտ է զբոսաշրջիկին, ընդ որում՝ ոչ միայն Տաթեւի տարածքի, այլեւ ճանապարհին գտնվող տեսարժան վայրերի մասին: Tweet Դիտում՝ 19342