Այս տարի լրանում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեության 10-ամյակը: Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը, Banks.am-ի հետ զրույցում ամփոփելով 10-ամյա գործունեությունը, ասել է, որ հիմնադրամն այս ընթացքում նպաստել է բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: «Ներկայումս «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի իմաստով ավանդ համարվող ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների գումարը կազմում է 1 044 152 926 հազ. դրամ, որը հիմնադրամի ստեղծման օրվա համեմատ աճել է ավելի քան 10 անգամ, իսկ երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թիվը կազմում է 1 704 313` 2005թ. համեմատ աճելով ավելի քան 6 անգամ»,- ասել է Հերմինե Հարությունյանը:Նրա խոսքով՝ իրավական դաշտի բարեփոխումները մշտապես նպաստել են հիմնադրամի գործունեության կատարելագործմանը եւ բխել են հիմնադրամի ստեղծման հիմնական նպատակներից:«Այդ նպատակներն են՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը եւ ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը»,- ասել է հիմնադրամի տնօրենը:Նա տեղեկացրել է, որ 2005թ. համեմատ երաշխավորված ավանդների առավելագույն չափը 2010թ. կրկնապատկվել է` 2 մլն-ից դառնալով 4 մլն դրամ, իսկ 2015թ. նախատեսվում է երաշխավորված ավանդների առավելագույն չափի բարձրացում՝ մինչեւ 10 մլն դրամ: Հերմինե Հարությունյանը, խոսելով հիմնադրամի ապագա ծրագրերի մասին, ասել է, որ այն աշխատանքներ է իրականացնում միջազգայնորեն ընդունված Ավանդների ապահովագրման արդյունավետ համակարգերի հիմնարար սկզբունքներին հիմնադրամի գործունեությունն առավելագույնս համապատասխանեցնելու ուղղությամբ:Այս նպատակով, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը սերտ համագործակցում է ՀՀ Կենտրոնական բանկի հետ:«Հետագայում եւս հիմնադրամի գործունեությունն ուղղված կլինի ավանդատուների շահերի պաշտպանության հիմքերի բարելավմանը, ավանդների հատուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, որոնք կնպաստեն ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանը»,- ամփոփել է Հերմինե Հարությունյանը: Tweet Դիտում՝ 5093