Banks.am-ը որոշ մանրամասներ է պարզել Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի ավիաչվերթի մասին, որն այսօրվանից իրականացնելու է վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությունը: Ինչպես ավելի վաղ էր հայտնվում, թռիչքներ են իրականացվելու շաբաթական չորս անգամ, իսկ տոմսի արժեքը կազմելու է «€55-ից սկսած»: Airzena-Georgian Airways-ի տոմսարկղերից մեկում Banks.am-ին պարզաբանել են, որ մեկ ուղղության տոմսի արժեքը նշված է առանց հարկերի ու տուրքերի, որոնց հետ միասին այն կկազմի €78: Ավելին, այդ գնով վաճառվող տոմսերի քանակը մեծ չի լինի, եւ մեկ ուղղությամբ թռիչքի միջին արժեքը կկազմի €100: «Միտիտուր» թբիլիսյան տուրիստական գործակալությունից Banks.am-ին հայտնել են, որ Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի չվերթը մեծ պահանջարկ կունենա: «Արդեն առաջին հաճախորդներն ունենք, որոնք ինչպես Վրաստանի քաղաքացիներ են, այնպես էլ այստեղ աշխատող օտարերկրացիներ: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ամառային շրջանում մարդիկ կնախընտրեն օդանավով ճանապարհորդել, եւ ոչ թե մեքենաներով կամ ավտոբուսներով»,- նշել են գործակալությունում: Airzena-Georgian Airways ընկերությունից Banks.am-ին հայտնել են, որ «իրենց ակնկալիքներով՝ նոր ուղղությունը հաջողություն կունենա»: Վրաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Գաչեչիլաձեն Banks.am-ին ասել է, որ Airzena-Georgian Airways-ը հայտ է ներկայացնել՝ ամառային շրջանից հետո ավիահաղորդակցությունը շարունակելու համար: Հայաստանի ու Վրաստանի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունն ընդհատվել է 2011թ.: Tweet Դիտում՝ 16409