ՀԲ. «Նաիրիտ»-ի հետագա շահագործումը տնտեսապես շահավետ չէ

09.06.2015 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները եզրակացրել են, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար կպահանջվի $210-346 մլն:

ՀԲ եզրակացության արդյունքներն այսօր ներկայացվել եւ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական խորհրդում:

Եզրակացության համաձայն՝ «Նաիրիտ»-ի մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի կանխատեսվող գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ։

ՀԲ մասնագետները մատնանշել են նաեւ գործարանի հիմնական միջոցների զգալի մասի նշանակալի մաշվածությունը: Միաժամանակ, նշել են, որ «Նաիրիտ»-ը ֆինանսապես կենսունակ դարձնելու համար կպահանջվի ծախսերի անիրատեսական կրճատում կամ պոլիքլորոպրենային կաուչուկի գնի բարձրացում։

ՀԲ մասնագետների գնահատմամբ՝ «Նաիրիտ»-ի գործարկման նախագծում կատարված կապիտալ ներդրումները հետ կգնվեն միայն 30-35 տարվա ընթացքում (ցածր հատույցների պատճառով), ինչը գրավիչ չէ ներդրողների համար:

Փորձագետները եզրակացրել են, որ «Նաիրիտ»-ը չի կարող մրցունակ լինել, ուստի գործարանի հետագա շահագործումը տնտեսապես շահավետ չէ։

«Նաիրիտ»-ի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը նշել է, որ այսօրվա դրությամբ գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ դրամը ($250 մլն), որը ներառում է ԱՊՀ Միջպետական բանկի չմարված վարկը։

ՀԲ մասնագետները եզրակացությունում նշել են, որ եթե ստեղծված վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտ»-ը կշարունակի «ծանր բեռ մնալ» էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա՝ տարեկան շուրջ 3 մլրդ դրամի չափով աշխատավարձերի վճարման եւ գործարանի պահպանության համար։

Քննարկմանը մասնակցող նաիրիտցիները չեն համաձայնել ՀԲ-ի նախնական եզրակացության հետ եւ նշել, որ գործարանը կարելի է վերագործարկել 4 անգամ քիչ ներդրումներով, եւ իրենք էլ ունեն հիմնավորումներ, որ «Նաիրիտ»-ը կարող է տալ մրցունակ արտադրանք:

Նշենք, որ այսօր գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ»-ի վերագործարկման «յուրաքանչյուր ողջամիտ, հիմնավոր ու իրատեսական առաջարկ եւ հնարավորության դեպքում աջակցել դրա կյանքի կոչմանը»: Նաիրիտցիների աշխատավարձերի ամբողջ պարտքն էլ գործադիրը խոստացել է մարել մինչեւ հուլիսի 15-ը:

Դիտում՝ 2466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW