Հայաստանում տեսչական համակարգի բարեփոխումների երկրորդ փուլը, որը նախատեսվում է ավարտել 2018թ., ուղղված է լինելու տեսչական համակարգում առկա բացերի, ոչ թափանցիկ եւ ոչ տեղին ստուգումների, վարչական կոռուպցիայի եւ գործառույթների կրկնորդումների վերացմանը:Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գեւորգ Պողոսյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ բարեփոխումները նպատակ ունեն տեսչական մարմիններում տնտեսվարողի համար առավել թափանցիկ եւ լավ կառավարման համակարգ ներդնել: «Այսօր տեսչություններն իրենք իրենց աշխատանքը փորձում են գնահատել բացահայտված խախտումների, ինչպես նաեւ տուգանքների արդյունքում բյուջե բերված գումարների քանակով: Տեսչական մարմինների մասին նոր օրենքը սահմանում է, որ տեսչություններն իրենց աշխատանքի արդյունքները գնահատելիս այլեւս իրավունք չունեն բյուջե բերված տուգանքների չափն օգտագործել որպես արդյունավետության նշան, քանի որ իրականում այդ ցուցանիշը չի կարող խոսել իրական արդյունավետության մասին. ինչքան շատ գումար եք բերում, նշանակում է՝ խախտումներն այնքան շատ են, իսկ եթե խախտումները շատ են, ապա դուք չեք կարողանում անվտանգություն ապահովել, հետեւաբար բյուջե բերված գումարը խոսում է առկա բազմաթիվ խնդիրների մասին»,- նշել է Գեւորգ Պողոսյանը` հավելելով, որ Գործարարության աջակցման գրասենյակը բարեփոխումների գործընթացում ներգրավված է ամենասկզբից՝ 2009-ից: Նա նաեւ տեղեկացրել է, որ 2014թ. մեկնարկած բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակում արվելու է քարտեզագրում:«Այդպիսով կուսումնասիրենք առկա տեսչությունները, կհասկանանք, թե ինչ անձնակազմով եւ ինչ ուղղություններով են դրանք աշխատում եւ ինչ գործառույթներ են իրականացնում: Որոշակի գործառույթներ դուրս կգան գործունեությունից, ինչպես օրինակ եղել է աշխատանքային իրավունքի վերահսկողության դեպքում, որը ուսումնասիրությունների համաձայն, անարդյունավետ էր»,- տեղեկացրել է Գեւորգ Պողոսյանը: Արդյունքում, նրա խոսքով, երկրորդ փուլի ավարտին տեսչություններին կփոխարինեն արդեն նոր մոտեցումներով եւ նոր համակարգով աշխատող տեսչական մարմինները:Գեւորգ Պողոսյանը կանխատեսել է, որ տեսչական բարեփոխումները սպառողների համար կապահովեն անվտանգություն, տնտեսավարող սուբյեկտների համար` կանխատեսելի գործարար միջավայր, իսկ պետությանը թույլ կտան ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները:Հիշեցնենք, որ տեսչական բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է 2009թ.: Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների քարտուղարություն:Նարինե Դանեղյան Tweet Դիտում՝ 3174