Ամուլսարի շահագործման ընթացքում $488 մլն մուտք կգործի պետբյուջե

19.05.2015 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել է, որ հանքի շահագործման ողջ ընթացքում մոտ $488 մլն մուտք կգործի պետական բյուջե՝ հարկերի եւ ռոյալթիների տեսքով:

Այս մասին Հովարդ Սթիվենսոնն ասել է մայիսի 14-15-ը Թբիլիսիում տեղի ունեցած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի եւ բիզնես ֆորումի շրջանակում:

«Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները կարող են էական տնտեսական ազդեցություն ունենալ: Ամուլսարի ծրագրի ուղղակի ազդեցությունը ՀՆԱ-ի վրա, ըստ անկախ փորձագիտական խմբի հաշվարկի եւ մեր ընթացիկ տեխնիկատնտեսական ուսումնասիրության, կլինի տարեկան մոտ $120 մլն: Հանքի շահագործման ողջ ընթացքում մոտ $488 մլն մուտք կգործի պետական բյուջե՝ հարկերի եւ ռոյալթիների տեսքով: Լրացուցիչ մոտ $156 մլն-ի հարկեր կառաջանան անուղղակիորեն՝ ծրագրի արդյունքում ի հայտ եկած այլ բիզնես միավորների գործունեության արդյունքում: Մենք ակնկալում ենք լինել երկրի խոշորագույն հարկատուների հնգյակի մեջ, երբ սկսենք արտադրությունը»,- ասել է Հովարդ Սթիվենսոնը:

Նա ընդգծել է ՎԶԵԲ-ի եւ միջազգային ֆինանսական այլ հաստատությունների դերը զարգացող երկրների հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական եւ սոցիալական չափանիշների նշաձողը բարձրացնելու գործում:

«Առողջության, անվտանգության, բնապահպանական պատասխանատվության եւ շահագրգիռ կողմերի ներգրավման ոլորտներում միջազգային քաղաքականության կիրառումը առանցքային է հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների համար նպաստավոր իրավական եւ սոցիալական միջավայր ստեղծելու համար: Սա ներառում է նաեւ համապատասխանություն ՎԶԵԲ-ի կատարողականի պահանջներին, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցների սահմանած չափանիշներին: «Արդյունահանող արդյունաբերությունների թափանցիկության նախաձեռնությանը» միանալու ուղղությամբ կառավարության հուսադրող ազդանշանները ճիշտ ուղղությամբ քայլ կարելի է համարել»,- նշել է Լիդիան Ինթերնեյշնլի նախագահը:

Նա կարեւորել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի արդիականացումը եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը:

«Գործող ծրագրերից շատերը խորհրդային շրջանից են եւ աշխատակիցների առողջության եւ անվտանգության, բնապահպանության եւ համայնքերի ներգրավման առումով դեռեւս այդ շրջանից եկող խնդիրներ կան: Գործելաոճը տարբեր դեպքերում տարբեր է եւ հանքարդյունաբերական ընկերությունների հանդեպ հանրային վստահությունը բավական ցածր է: Դրա հետեւանքով Լիդիանի համար երբեմն բավական բարդ էր հանքարդյունաբերության վերաբերյալ քննարկումը այլ հարթություն բարձրացնելը: Շահագրգիռ կողմերի ներգրավման հարցում մենք ունեցել ենք ե՛ւ դժվարություններ, ե՛ւ հաջողություններ»,- հավելել է Հովարդ Սթիվենսոնը:  

Նրա խոսքով՝ Լիդիան Ինթերնեյշնլը զգալի ջանքեր է ներդրել պատասխանատու ընկերության հեղինակություն ձեռք բերելու եւ արդյունաբերության այս ոլորտում նոր վարվելակերպ ներմուծելու ուղղությամբ:

«Ոլորտում բարեփոխման կարիքը դեռեւս մեծ է, եւ մենք կարծում ենք, որ Ամուլսարի նման ծրագրերը նշաձողը բարձրացնելու ուղղությամբ կարեւոր քայլ կլինեն»,- ընդգծել է Լիդիան ինթերնեյշնլի նախագահը:

2014թ. ՎԶԵԲ-ը մոտ $9 մլրդ է ներդրել ավելի քան 30 երկրում՝ խթանելով տնտեսությունը զարգացող երկրներում, այդ թվում` Հայաստանում:

«Գործարար միջավայրի խթանումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմքն է: Մեր առաքելությունը հստակ ուղղվածություն ունի դեպի մասնավոր հատված, քանի որ մենք կարծում ենք, որ այն հենց այնպիսի տնտեսության շարժիչ ուժն է, որը մեր համոզմամբ առավելագույնս ծառայում է հասարակությանը: Աշխարհաքաղաքական լարվածության եւ տնտեսական անորոշության այս ժամանականերում բանկը կարող է կամուրջ եւ կապող օղակ հանդիսանալ»,- իր հերթին ասել է ՎԶԵԲ նախագահ Սումա Չաքրաբարտին:

Դիտում՝ 11138
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW