«Իդրամ»-ը դադարեցրել է PayPal-ի կանխիկացման ծառայությունը

15.05.2015 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Իդրամ»-ը դադարեցրել է ՀՀ-ում PayPal-ի կանխիկացման ծառայությունը, որը մատուցվում էր շուրջ մեկ տարի:

Լուրը Banks.am-ի հետ զրույցում հաստատել են «Իդրամ» ընկերությունում:

Ընկերությունում հայտնել են, որ «Իդրամ» վճարային համակարգը PayPal-ի կանխիկացման ծառայությունը մատուցում էր երրորդ՝ ամերիկյան միջնորդ կազմակերպության միջոցով:

«Ծառայությունն այժմ չի մատուցվում, քանի որ միջնորդ կազմակերպության կողմից պայմանների փոփոխության հետեւանքով ստիպված պետք է լինեինք բազմապատիկ ավելացնել միջնորդավճարը, ինչը «Իդրամ» ընկերության համար ընդունելի չէր հաճախորդների սպասարկման տեսանկյունից»,- պարզաբանել են ընկերությունում:

Նրանք հավելել են, որ ներկայում համագործակցության պայմանները վերանայման եւ քննարկումների փուլում են:

«Փոխշահավետ եզրահանգման դեպքում կշարունակենք համագործակցությունը տվյալ կազմակերպության հետ եւ նորից կակտիվացնենք ծառայությունը: Դիտարկում ենք PayPal-ի՝ Հայաստանում կանխիկացման այլ հնարավոր ուղիներ եւս»,- ասել են ընկերությունում:

«Իդրամ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ PayPal-ի կանխիկացման ծառայությունը բավականին պահանջված է Հայաստանում, հատկապես էլեկտրոնային կոմերցիայով զբաղվողների, ֆրիլանսերների շրջանում:

«Հուսով ենք՝ առաջիկայում նորից կկարողանանք առաջարկել «Իդրամ» հաշվառման հաշիվները PayPal-ից լիցքավորելու եւ այդ գումարը տարբեր օնլայն վճարումների համար օգտագործելու, ինչպես նաեւ կանխիկացնելու հնարավորությունը»,- հույս են հայտնել ընկերությունում:

«Իդրամ»-ում նաեւ տեղեկացրել են, որ ներկայում ակտիվ համագործակցում են Yandex.Money-ի հետ:

«Վերջինիս էլեկտրոնային միավորները հեշտությամբ փոխարկվում են «Իդրամ» միավորների, որոնք էլ կարելի է օգտագործել բազմաթիվ վճարումներ իրականացնելու նպատակով կամ կանխիկացնել (նաեւ «Իդրամ» միավորներն են փոխարկվում Yandex.Money-ի): Համագործակցության առավել արդյունավետ եւ հարմարավետ տարբերակի ուղղությամբ աշխատում են նաեւ WebMoney-ի հետ»,- ընդգծել են «Իդրամ»-ում:

Դիտում՝ 7534
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW