«Որոտանի համալիր»-ի վաճառքի գործարքը մոտ օրերս կավարտվի

15.05.2015 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը եւ ամերիկյան «Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը (Contour Global Hydro Cascade) կստորագրեն «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի առուվաճառքի համաձայնագիրը:

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է «Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արա Հովսեփյանը, որը սակայն ձեռնպահ է մնացել հստակեցնել համաձայնագրի ստորագրման ժամկետը:

2014թ. հունվարին ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր»-ի, «Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ համալիրի առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո գույքի վերջնական հանձնում տեղի չի ունեցել, եւ գործարքը չի ավարտվել: Կողմերը սկսել էին բանակցությունները՝ քննարկելով պայմանագրի որոշակի դրույթներ:

«Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ»-ը Նյու Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3500 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայան աշխարհի 17 երկրում՝ Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում։ Արեւելյան Եվրոպայում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում եւ Լեհաստանում, ընկերությունն ունի շուրջ 1100 ՄՎտ ընդհանուր հզորությամբ կայաններ։ «Որոտանի համալիր»-ը կդառնա ամերիկյան ընկերության` Եվրոպայի տարածաշրջանում իրականացրած ամենախոշոր գործարքներից մեկը՝ $180 մլն ընդհանուր արժողությամբ։

Առաջիկա 6 տարիների ընթացքում ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ $70 մլն հայաստանյան համալիրի արդիականացման եւ վերանորոգման գործում:

«Որոտանի համալիր»-ին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը:

Հիշեցնենք, որ «Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին 2014թ. փետրվարին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում պատմել էր «Որոտանի համալիր»-ի արդիականացման հետ կապված ծրագրերի մասին:

Դիտում՝ 15618
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW