Նաիրիտցիների աշխատավարձը կմարվի մինչեւ տարեվերջ

13.05.2015 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ հնարավորություն կստեղծվի մարել «Նաիրիտ» քիմիական գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցների աշխատավարձի պարտքը:

Այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ աշխատավարձի պարտքն առանց սոցիալական վճարների կազմում է 5,7 մլրդ դրամ:

«Աշխատանքներ են տարվել «Նաիրիտ»-ի գույքը միջպետական բանկի գրավից ազատելու համար: Կարծես հարցը լուծվում է. առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում գույքը կազատվի գրավից եւ կհանձնվի կառավարությանը»,- ասել է նախարարը:

«Թեեւ ստեղծված իրավիճակում ժամկետ նշելը բավական պատասխանատու գործ է, սակայն հույս ունեմ, որ մինչեւ տարեվերջ աշխատավարձի ամբողջական մարման հնարավորություն կլինի»,- հավելել է նա:

Երվանդ Զախարյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկա օրերին պատրաստ կլինեն Համաշխարհային բանկի (ՀԲ) ուսումնասիրության վերջնական արդյունքները, որը պետք է պարզեր գործարանի վերագործարկման նպատակահարմարության հարցը:

«Նախնական արդյունքներով, կարող եմ ասել, որ ՀԲ-ն նպատակահարմար չի գտել «Նաիրիտ»-ի վերագործարկումը, որի համար անհրաժեշտ է $250-350 մլն, եւ պարզ էլ չէ՝ արտադրանքը հետագայում մրցունակ կլինի, թե ոչ»,- ասել է նախարարը:

Դիտում՝ 2635

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW