ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր ասել է, որ ստեղծված իրավիճակը թելադրում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում:Լրագրողների հետ զրույցում նախարարն ասել է, որ վերջին տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) 37,6 մլրդ դրամի վնաս է կրել՝ ատոմակայանի չնախատեսված վերանորոգման, սակավաջուր տարի լինելու եւ ռեժիմների խախտման պատճառով, որոնց համար ընկերությունը պատասխանատու չէ: «Սակագների փոփոխությունը, որի ուղղությամբ աշխատանքները տարվում են ՀԷՑ-ի ներկայացված հայտի հիման վրա, ստեղծված իրավիճակի թելադրանքն է: Բացի կորուստներից, առկա է նաեւ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում նկատվող ռուբլի-դոլար հարաբերակցության ազդեցությունը»,- ասել է նա:Երվանդ Զախարյանի խոսքով՝ սակագնի վերանայման համար ներկայացված առաջարկները հիմնավոր են:Նշենք, որ ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Ըստ այդմ` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ:Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա Երվանդ Զախարյանն ասել է, որ հանրապետության ներսում այն բոլոր սպառողների համար կմնա անփոփոխ: Tweet Դիտում՝ 18924