ՎԶԵԲ-ը $4 մլն վարկ է տրամադրել Հայաստանին

11.05.2015 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ այսօր ստորագրվել է «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի շրջանակում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի $4 մլն վարկ:  

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին:

Պիլոտային ծրագրի հիմնական նպատակը Երեւանում էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանց ունենալն է: Ծրագրի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաեւ կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում:

Պիլոտային ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է $6 մլն: Հաշվի առնելով ծրագրի էներգախնայող բնույթը` նախատեսվում է «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից» ստանալ $2 մլն-ի չափով դրամաշնորհային միջոցներ:

ՎԶԵԲ-ը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական ծառայությունների համար բանկի տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆոնդերից հատկացնել մինչեւ $1 մլն:

Վարկը տրամադրվում է մինչեւ 10 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ ժամկետով:


Դիտում՝ 2949

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW