ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն ստորագրել են առեւտրի եւ ներդրումների համաձայնագիրը

08.05.2015 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանն ու ԱՄՆ-ն մայիսի 7-ին ստորագրել են Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Վաշինգտոնում համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին:

Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, ըստ փաստաթղթի, հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, առեւտրի խրախուսման համար։

Նախատեսվում է ձեւավորել Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց են կացվելու առնվազն տարին մեկ անգամ։

Խորհուրդը կոչված է բացահայտելու երկկողմ ներդրումների եւ առեւտրի նոր ոլորտներ եւ աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։

Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում տարեցտարի մեծանում է նաեւ ամերիկյան գործարարության ներկայությունը, «եւ այժմ մեր երկրում գործում են ամերիկյան կապիտալով 400-ից ավելի ընկերություններ, իսկ այս տարի՝ կարծում եմ հաշված օրերի ընթացքում, հայկական շուկայում կսկսի գործել ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը՝ իր 250 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային կապիտալով, որը Հայաստանի պատմության ընթացքում ամենախոշոր ամերիկյան ներդրումն է»:

«Եվ պատահական չէ, որ քիչ առաջ մենք ստորագրեցինք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որն արձանագրում է Հայաստանի տնտեսության, ինչպես նաեւ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ոլորտում մեր հաջողությունները եւ փոխգործակցության նոր դռներ է բացում: Սա նշանակում է, որ երկու երկրների գործարարների միջեւ համագործակցությունը պետականորեն խրախուսվում է:

Եվ հորդորում եմ բոլոր հայերին, որպեսզի շարունակեն ակտիվորեն ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործին», - ասել է ՀՀ նախագահը:

Դիտում՝ 21209
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW