ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարզաբանում է տարածել Ազգային ժողովում օրերս հնչեցված հարցերի վերաբերյալ, թե «որոշ ապրանքների ներմուծման եւ իրացման գնի միջեւ առկա է մինչեւ 250% տարբերություն, ինչը պայմանավորված է այդ ոլորտներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների առկայությամբ»:ՏՄՊՊՀ-ում նշել են, որ ԱԺ-ում որպես տեղեկատվության աղբյուր վկայակոչվել է «Հայաստանի տնտեսության վերափոխումները եւ վերելքի հեռանկարները» (Ա. Մարկոսյան, Հ. Սարգսյան) գիրքը, որն ուսումնասիրվել է հանձնաժողովի մասնագետների կողմից: «Արդյունքում պարզվել է, որ հեղինակների կողմից կատարվել են մեթոդաբանորեն ոչ ճիշտ համադրումներ եւ համեմատություններ, ինչն էլ հիմք է հանդիսացել նման տեղեկատվության տարածման համար»,- ասված է պարզաբանման մեջ: Հանձնաժողովում նշել են, որ գրքի հեղինակները համեմատել են ներմուծված շաքարավազի մաքսային արժեքը շաքարավազի մանրածախ գնի հետ, «մինչդեռ ՀՀ ներմուծվում է ոչ թե պատրաստի շաքարավազ, այլ շաքարավազի հումք, որից տեղական արտադրությունում ստացվում է պատրաստի ապրանքը»: «Հետեւապես, տեղին չէ շաքարավազի հումքի մաքսային արժեքը համեմատել պատրաստի շաքարավազի մանրածախ վաճառքի գների հետ: Նման կերպ համադրումներ են կատարվել նաեւ այլ ապրանքային շուկաներում: Ընդհանրապես այս կամ այն ապրանքի իրացման գծով եկամտաբերությունների մակարդակի վերաբերյալ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ ներմուծումից մինչեւ մանրածախ վաճառք ապրանքն անցնում է մի քանի փուլերով, որոնց ընթացքում մաքսային արժեքին ավելանում են հարկեր եւ այլ ծախսեր, որոնք ներառված չեն մաքսային արժեքներում, իսկ մանրածախ իրացման գներում, բնականաբար, հաշվարկվում են»,- նշել են ՏՄՊՊՀ-ում: Որպես օրինակ հանձնաժողովը բերել է նաեւ ներմուծվող սառեցված տավարի մսի (այդ թվում՝ Հնդկաստանից ներմուծվող խոշոր եղջերավոր կենդանու) մաքսային արժեքը, որը, ըստ ՏՄՊՊՀ-ի, չի կարող համեմատվել տեղական թարմ մսի մանրածախ վաճառքի գնի հետ: «Նույն կերպ էլ ներմուծվող սառեցված խոզի մսի մաքսային արժեքը, որը, բնականաբար, անհամեմատ ցածր է, համեմատվել է տեղական թարմ մսի իրացման արժեքի հետ: Արդյունքում էլ ստացվել է ներմուծման եւ իրացման գնի միջեւ առկա բավականին մեծ տոկոսային տարբերություն, որը սխալ համադրումների հետեւանք է»,- ասել են հանձնաժողովում: Tweet Դիտում՝ 2924