Բագրատաշենի անցակետի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ 2015թ. սեպտեմբեր, իսկ նոր մաքսակետն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ: Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում: «Բագրատաշենի անցակետում կառուցվելու է մուտքի եւ ելքի համար նախատեսված 4-ական ուղի, այսինքն՝ յուրաքանչյուր ուղղությամբ` երկուսը` բեռնատար եւ երկուսը` մարդատար ավտոմեքենաների համար: Այս ամենի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել հերթերից եւ կուտակումներից. սպասարկումը բարձր մակարդակով եւ ճշգրտությամբ կիրականացվի»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը:Նրա խոսքով՝ կգործի նաեւ առանձնացված ուղի` ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար: Կկառուցվեն նաեւ մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական մասնաշենքեր, կինոլոգիական կենտրոն եւ այլն: Սամվել Սաֆարյանը վստահեցրել է, որ շինաշխատանքները չեն խոչընդոտում Բագրատաշենի անցակետի կանոնավոր աշխատանքը:«Մինչեւ 2016թ. Գուգարքի մաքսատունը հնարավորություն կունենա անհամեմատ ավելի արագ, բարձր որակով կազմակերպել բոլոր տեսակի բեռների ներմուծումն ու արտահանումը: Ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը կտեւի 5-7, իսկ բեռնատարներինը` մինչեւ 10 րոպե: Կարծում եմ, որ սա իսկական եվրոպական չափանիշ է. 2016թ. մաքսակետն արդեն բոլորովին նոր չափանիշներով կներկայանա այցելուներին»,- ասել է նա: Բագրատաշենի անցակետի տարածքում հողային աշխատանքները սկսվել են 2013թ. օգոստոսին, սեպտեմբերին կատարվել է հիմնարկեքի արարողությունը: Նշենք, որ Գուգարքի մաքսատան միջոցով ապահովվում է երկրի արտաքին առեւտրի մոտ 70%-ը: Tweet Դիտում՝ 4363