Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցությունից հետո որոշ քաղաքացիներ դժգոհություն են հայտնում առ այն, որ այլեւս հնարավոր չէ Մոսկվայից կամ Մինսկից Երեւան թռչելիս օգտվել անմաքս խանութներից ՝duty free-ներից: Միաժամանակ՝ Երեւանից Մոսկվա կամ Մինսկ թռչելիս duty free-ից հնարավոր է օգտվել: Banks.am-ը փորձել է պարզել այս «հակասության» պատճառները ՀՀ ֆինանսների նախարարությունից:Նախարարությունը պարզաբանել է, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ միասնական մաքսային տարածքը բաղկացած է Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքներից, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներից, կայանքներից, կառույցներից եւ այլ օբյեկտներից, որոնց նկատմամբ ԵՏՄ անդամ պետությունները բացառիկ իրավազորություն ունեն: «Հետեւաբար` ԵՏՄ անդամակցությունից հետո Մոսկվայից կամ Մինսկից Երեւան թռչելիս Մոսկվայում կամ Մինսկում գործող անմաքս առեւտրի խանութներից հնարավոր չէ գնումներ կատարել` հաշվի առնելով այն, որ դրանք չեն վաճառվում միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց»,- նշել են ֆինանսների նախարարությունում:Նախարարությունից նաեւ տեղեկացրել են, որ «Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՏՄ անդամ այլ պետություններ, ինչպես նաեւ ՀՀ մեկնող օդանավերի ուղեւորներն իրենց նստեցման կտրոնները ներկայացնելուց հետո կարող են ՀՀ-ում հիմնադրված անմաքս առեւտրի խանութներից ձեռք բերել «Անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգով ձեւակերպված օտարերկրյա ապրանքներ` հետագայում անմաքս առեւտրի խանութ տիրապետողի կողմից ներմուծման մաքսատուրք վճարելու եւ այն բաշխելու պայմանով: Հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ «Անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ԵՏՄ ապրանքներ:«Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ Երեւանից Մոսկվա կամ Մինսկ թռչելու դեպքում ՀՀ-ում հիմնադրված անմաքս առեւտրի խանութներից գնումներ կատարելն արգելված չէ»,- նշել են ֆինանսների նախարարությունում՝ պարզաբանելով, որ դա պայմանավորված է «Մաքսային կարգավորումների մասին» ՀՀ օրենքի 259-րդ հոդվածի անցումային դրույթներով, ինչը նշանակում է, որ մեկնողներին եւ ժամանողներին թույլատրվում է առեւտուր անել ՀՀ-ի անմաքս առեւտրի գոտիներում մինչեւ 2016թ. հուլիսի 1-ը:Այսպիսով, ամփոփելով ֆինանսների նախարարության պարզաբանումը, նշենք, որ Մոսկվայից կամ Մինսկից Երեւան թռչելիս duty free-ներից հնարավոր չէ գնումներ կատարել, իսկ Երեւանից Մոսկվա կամ Մինսկ թռչելիս duty free-ում գնումները հնարավոր են միայն մինչեւ 2016թ. հուլիսի 1-ը: Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը Tweet Դիտում՝ 5117