Պարզեցվում են արտոնագրային վճարների մասին օրենքի որոշ կետեր

16.04.2015 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ներկայացրած՝ Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթը:

Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի փոխանցմամբ՝ առաջարկություններն ուղղված են ոլորտի կարգավորմանը եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը:
 
«Իմաստային առումով օրենքը բաղկացած է երկու տարբեր մասերից, որոնցից առաջինով արտոնագրային վճարներ են սահմանվում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների՝ օրինակ կոշկակարության, հեծանիվների վերանորոգման, կրկնուսուցման համար, իսկ մյուս մասով՝ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող  գործունեության լրիվ այլ տեսակների, օրինակ՝ հանրային սննդի կազմակերպման, ատամնաբուժության, ավտոտեխսպասարկման, անշարժ գույքի առքուվաճառքի համար»,-ասել է նա:

Արմեն Եղիազարյանը տեղեկացրել է, որ առաջին խմբի համար առաջարկվում է սահմանել տեղական նոր հարկատեսակ՝ արտոնագրային հարկ, հսկողություն իրականացնելու լիազորություն տալը տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ), իսկ վերոնշյալ ֆիզիկական անձանց համար հանել հարկային հաշվառման պահանջը եւ շրջանառության 9 մլն դրամի շեմը:

Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է նաեւ հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը բացառապես արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներով զբաղվողների համար, ինչպես նաեւ վերջիններիս համար հնարավորություն ստեղծել էլեկտրոնային եղանակով դիմել եւ հարկային մարմնից ստանալ համապատասխան արտոնագիրը:

«Վերոնշյալ բիզնես գործընթացների ծախսերը ներկայում կազմում են մոտ 2.9 մլրդ դրամ: Առաջարկություններն ընդունելուց հետո այդ ծախսերը կնվազեն մոտ 2.3 մլրդ դրամով կամ 77.8 %-ով՝ կազմելով մոտ 665.1 մլն դրամ»,- ասել է Արմեն Եղիազարյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու օր ժամանակ է տվել ձեւակերպումները ֆինանսների նախարարության հետ քննարկելու համար:

Դիտում՝ 4963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW