Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման «կրճատումների գումարային չափն առայժմ դեռ պարզ չէ, սակայն դեսպանությունը պլաններ է մշակում որոշ նոր ծրագրերի կրճատման կամ որոշ ծրագրեր ավելի արագ ավարտին հասցնելու վերաբերյալ»:Այս մասին ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում, որում ներկայացվում է 2015 բյուջետային տարում ԱՄՆ կառավարության օժանդակության մասով նախանշվող փոփոխությունները, որոնք գործողության մեջ կմտնեն 2015թ. հոկտեմբերից: Հայաստանում ծրագրերի ֆինանսավորման կրճատման մասին նախօրեին հայտարարել էր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը: «Միացյալ Նահանգների օժանդակության բյուջեն արտացոլում է ազգային անվտանգության ընթացիկ ու նորահայտ մարտահրավերները, նախագահ Օբամայի քաղաքականությունը եւ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, դաշնակիցների ու գործընկերների առաջ անվտանգության առումով ստանձնած մեր հանձնառությունները եւ մեր ջանքերն ուղղված հակամարտությունների կանխարգելմանը, զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանը եւ խաղաղապահ գործունեությանը: Վերջին տարվա նոր գլոբալ առաջնահերթությունների ու զարգացումների արդյունքում (այդ թվում՝ էբոլայի հետ կապված ճգնաժամը, Իսլամական պետությունը, Սիրիան եւ Ուկրաինան) դժվարին որոշումներ պետք է կայացվեն մեր օժանդակության ծրագրերի վերաբերյալ ամբողջ աշխարհում: Այս նոր առաջնահերթություններից բխում է, որ աշխարհի շատ երկրներին, այդ թվում՝ Եվրոպային ցուցաբերվող օժանդակության ծավալները զգալիորեն նվազում են: Ահա այս համատեքստում էլ կատարվել է Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատում: Մեր որոշակի օժանդակության ծրագրերի գծով ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է մեր բյուջետային իրողություններով ու ի հայտ եկած գլոբալ առաջնահերթություններով, եւ դա որեւէ կերպ կապված չէ մեր իրականացրած ծրագրերի որակի կամ հայ-ամերիկյան բարեկամության ամրության հետ: Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատումը կանդրադառնա թե՛ ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID), թե՛ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վրա»,- ասված է հաղորդագրությունում: Դեսպանությունում նշել են, որ չնայած այս կրճատումներին՝ ԱՄՆ ՄԶԳ-ն ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը 2013թ. մշակված հայաստանյան ռազմավարությամբ վերհանված գերակա ուղղություններով:Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակը, իր հերթին, կշարունակի իրականացնել ժողովրդական դիվանագիտության ծրագրեր, որոնք խթանում են Հայաստանի հաշտեցումը հարեւան երկրների հետ, եւ ծրագրեր Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի շրջանակում:«Ամերիկյան կառավարության օժանդակությունն ուղղվում է նաեւ մեր երկկողմ համագործակցության այլ ոլորտների, որոնց թվում են շարունակական աջակցությունն ընթացակարգերի մշակման հարցում, որոնք ապահովում են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործումն ու Հայաստանի ավելի մեծ էներգետիկ անվտանգությունը, արդարադատության ոլորտի ամրապնդումը եւ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ կառույցների կարողությունների ամրապնդումը, ինչպես նաեւ ընտանեկան բռնությունների նոր ստորաբաժանման կարողությունների զարգացման նպատակով ոստիկանների ուսուցումը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը եւս շարունակում է սերտորեն աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ հայ խաղաղապահների կարողությունների զարգացման եւ պաշտպանական բարեփոխումների հարցում»,- ասված է հաղորդագրությունում: 1992-ից ի վեր ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվել է ավելի քան $2 մլրդ-ի օժանդակություն: Tweet Դիտում՝ 2622