ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հայտնաբերվել են կեղծ ԱՊՊԱ վկայագրերի վաճառքների դեպքեր եւ կոչ է անում բոլորին պահպանել անվտանգության տարրական միջոցներ, որոնք թույլ կտան խուսափել խարդախություններից:«Եթե ձեռք եք բերում ԱՊՊԱ պայմանագիր գործակալներից, ապա օգտվե՛ք ծանոթ գործակալների ծառայություններից: Անծանոթ անձից վկայագիր ձեռք բերելու դեպքում անհրաժեշտ է լինել խիստ զգույշ: Տեղեկացնում ենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության բոլոր ապահովագրական գործակալները գրանցված են ՀՀ Կենտրոնական բանկում եւ ունեն հաշվառման վկայական: Պետք է անպայման ստուգել նման անձանց մոտ վերոհիշյալ փաստաթղթի առկայությունը: Եթե ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործակալ ներկայացող անձը չի ներկայացնում ԿԲ վկայական, ապա ընկերությունը չի երաշխավորում նման գործակալից ձեռք բերված վկայագրի վավերականությունը»,- ասված է հաղորդագրությունում: Ընկերությունում հավելել են, որ ավելացել են անօրինական ճանապարհով ձեռք բերված բազաներով զանգահարելու եւ զեղչով ԱՊՊԱ պայմանագրեր վաճառելու փորձերը: Ընկերությունը հիշեցրել է, որ ԱՊՊԱ օրենքով արգելված է տրամադրել զեղչեր՝ բացառությամբ անվթար վարելու համար նախատեսված բոնուսների:ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ում ընդգծել են, որ կեղծ ԱՊՊԱ վկայագրերը չեն գրանցվում էլեկտրոնային համակարգում, որի հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) կիրառում է տուգանքներ: «Հետեւաբար, ձեռք բերելով ԱՊՊԱ վկայագիրն ընդամենը 2-3 հազ. դրամ զեղչով, ավտոսեփականատերերը դիմում են տուգանք ստանալու ռիսկի, եթե պարզվի, որ վկայագիրը կեղծ է»,- ասված է հաղորդագրությունում:Միաժամանակ, ընկերությունը կոչ է արել հետեւել ՀՀ ՃՈ-ի՝ ապրիլի 20-ից ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքներ կիրառելու վերաբերյալ վերջին հայտարարությանը: ՃՈ-ն հորդորել էր բոլոր վարորդներին մինչեւ 2015թ. ապրիլի 19-ը ներառյալ ունենալ ԱՊՊԱ գործող պայմանագիր: ԱՊՊԱ վկայագիր չունենալու դեպքում յուրաքանչյուր 10 օրվա համար նշանակվում է 5 հազ. դրամ տուգանք, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար՝ 100 հազ. դրամ: Tweet Դիտում՝ 12847