ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ասել է, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է կրճատել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրոպական պետություններում եւ Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին ԱՄՆ դեսպանն ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը: Ֆինանսավորման կրճատումը դեսպանը պայմանավորել է միջազգային տարբեր հիմնախնդիրներով: Նա ընդգծել է, որ դա որեւէ կերպ պայմանավորված չէ հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի արդյունավետությամբ կամ երկկողմ ամուր հարաբերություններով, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա: Ռիչարդ Միլսը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, իր հերթին, նշել է, որ իրենց կառույցի համար շարունակում է գերակա մնալ Հայաստանի կառավարման համակարգի, փոքր ու միջին բիզնեսի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերում սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացումը: Tweet Դիտում՝ 3386