Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն այսօր՝ «Խնայում ենք էներգիա, խնայում ենք գումար» խորագրով հանդիպում-քննարկմանն ազդարարել է նոր՝ «Խնայող վարկեր» պրոդուկտի մեկնարկը: Պրոդուկտը ներդրվել է «Հարավ-արեւելյան Եվրոպայի հիմնադրամ»-ի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ «Էներգոկրեդիտ» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն ասել է, որ պրոդուկտի ներդրումը նպատակ ունի Հայաստանում ստեղծել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ: «Քիչ ռեսուրսներ ունեցող Հայաստանի համար նման ծրագրերը կարեւոր նշանակություն ունեն: Գյուղատնտեսությունը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղ է, եւ ուրախալի է, որ այդ ոլորտում տնտեսվարողներին բազմատեսակ պրոդուկտներ են առաջարկվելու, որպեսզի վերջիններս կարողանան խնայել իրենց ռեսուրսները եւ ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ»,- ասել է Հակոբ Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «Խնայող վարկեր»-ի տոկոսադրույքները ցածր են, ինչը նպատակ ունի ավելի շատ վարկառուներ ներգրավել: Հակոբ Անդրեասյանը հավելել է, որ բանկն իրականացնում է նաեւ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախագծեր: «Բացի այն, որ մենք ինքներս այդ տեխնոլոգիաները գործածում ենք մեր բանկի մասնաճյուղերում, անցյալ տարի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում արեւային ջրատաքացուցիչներ տեղադրեցինք Հայաստանի տարբեր մարզերի առավել մեծ մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով նոր սերնդին օրինակներ ցուցադրել բնապահպանության եւ էներգախնայողության գաղափարների համադրությամբ»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 3925